Տեր, արցունքներս չորացան դեմքիս…

681

Տեր, արցունքներս չորացան դեմքիս…
Ես երեք գիշեր աչք չկպցրած,
Գերեզմանիդ մոտ ծնկաչոք ընկած,
Հույսս կորցրած մահդ էի սգում,
Մահս էի սգում,
Չէ որ կյանքն Ես իմ…
Տեր, ես երեք գիշեր լալիս էի, լալիս,
Խելքի չէի գալիս,
Որ ինձ արարած,
ու ինձ կյանք տված
Փրկիչս հանկարծ
Ամուր հավատիս կաթացրեց կասկած
«Բայց մի՞թե սա Ինքն էր…»
«Բա ինչու՞ գնաց…»
Նրան ո՞վ կփրկի,
Երբ ասում էր,թե Փրկիչն է կյանքի…
Ու ես շփոթված, մինչեւ լուսաբաց
Մնացի անհույս, գերեզմանիդ մոտ ծնկաչոք ընկած,
Մինչեւ որ հանկարծ լույս ծագեց սաստիկ
Ու լույսն ինձ ասաց. «Զուր ես արտասվում»
Ու զուր ես քո Հույսը դու այստեղ սպասում..
Քո փրկիչն այսօր հարություն առավ,
Իսկ երեկ մեղքերդ առավ ու տարավ..
Հիմա մի փնտրիր գերեզմաններում
Ոչ Նրան, ոչ հուսյդ, որ կարծում էիր, թե մարել է վերջում…
Քո հույսը երբեք էլ չի մարելու,
Սրտիդ մեջ լույսը միշտ է վառվելու,
Դու էլ մաքրված, մեղքից ազատված,
Հավիտենական կյանքը ժառանգած
Քո բոլոր օրերը սուրբ ես ապրելու
ու Տիրոջ մեծ ձեռքը կյանքիդ օրերում դեռ շատ ես զգալու…
Հավատքիդ շնորհիվ…
Փրկիչդ այսօր հարություն առավ .
Մահացած հույսդ
Ու մարած լույսդ,
Սրտիդ խորքերում թաղված հին փափագդ,
Անգամ մոռացված, անցած երազանքդ,
Շուրթերիդ հանգչած աղոթքդ վերջին
Ա՜խ, աղոթքը վերջի՜ն…
Փրկչիդ հետ այսօր հարություն առան…

Ժակլին Թադևոսյան

Մեկնաբանություններ