Անվախ ընտանիքը

521

Երևանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցու մարտի 5-ի կիրակնօրյա ծառայությունն անցկացրեց ավագ հովիվ, վերապատվելի Ռաֆի Շահվերդյանը:

Նա ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց փառաբանության, կարգ ու կանոնի և մեդիայի խմբի ծառայողներին, ովքեր ջանք չեն խնայում իրենց ծառայությունը լավագույնս կատարելու համար: Հովիվ Ռ.Շահվերդյանը հայտնեց, որ մարտի 26-ից ապրիլի 16-ը «Աստծո ժողովուրդ» եկեղեցին կմտնի «Դանիելի» ծոմապահության մեջ, որ նույնանում է պահքի հետ և տևում է 21 օր:

Քարոզի մեջ հովիվ Ռ. Շահվերդյանը մասնավորապես խոսեց. «Ուզում եմ մի անվախ ընտանիքի մասին խոսել, որովհետև ժամանակն է, թե՛ որպես ընտանիք, թե՛ որպես եկեղեցի անվախ դառնանք: «Հավատքով Մովսեսը երբոր ծնուեցավ՝ երեք ամիս թաքուն պահվեցավ իր ծնողքի ձեռքովը»․ Եբրայեցիս 11․23։

Իսրայելի շատանալն անհանգստացնում էր փարավոնին, և նա տարբեր կերպերով փորձում էր դեմ կանգնել դրան, մինչև հրամայեց ամեն ծնված տղային գետը գցել (Ելից 1․22): Սատանան միշտ ցանկանում է սպանել արուներին՝ նրանց, ովքեր ղեկավարող են, առաջնորդ և այստեղ էլ այդպես է անում: Բայց մի անվախ ընտանիք դեմ է կանգնում սրան: Ելից երկրորդ գլխում ասվում է, որ Ղևիի (թարգմ. միացում) տանից մեկը գնաց և Ղևիի աղջիկն առավ: Ղևին Աստծուն ծառայելու խորհուրդն ունի: Այդ ժամանակների մեջ ամուսնանալն արդեն իսկ անվախություն էր:

Ամուսնացողներն էին Հոգաբեթ (թարգմ. Եհովան փառք է) և Ամրամ (թարգմ. վեհացած ազգ): Այսպիսի միասնությունից է, որ Մովսեսներ են ծնվում: Այս մարդիկ չվախեցան, նրանք ոչ թե փարավոնին՝ այլ Երկնային արքային նայեցին: Ամուսնությունից հետո հաջորդ համարձակ քայլը երեխաներ ունենալն էր: Շատերը մեկ քայլ անելուց հետո մտածում են, որ էլ չարժե առաջ գնալ, բայց պե՛տք է դուրս գաս քո աշխարհից:

«Սիրո մեջ վախ չկա (Ա Հովհ. 4․18): Աստված սեր է: Եթե քո կյանքը վախերով է լցված, ուրեմն Աստծո ներկայությունը շատ քիչ է քո մեջ: Թույլ տուր նա մտնի այնտեղ:

Երեխայի մայրը 3 ամիս թաքցրեց իր որդուն, որ գեղեցիկ էր: Կարո՞ղ ենք տեսնել գալիք սերնդի գեղեցկությունը և ծածկել նրանց մեր աղոթքներով: Մենք երեխաներ չենք ծնում «գետի»՝ դժոխքի համար, այլ՝ Աստծո փառքի համար: Սակայն կյանքում միշտ նույնը չի լինում. տարբեր փուլեր կան: Եկավ ժամանակը, երբ երեխային պետք է բաց թողնեին: Նա դրվեց ձյութով և կուպրով ամրացված տապանակի մեջ, որ սուրբ հոգու օծության խորհուրդն ունի: Մի երկմտեք ձեր երեխաների համար, որոնց աղոթքներով եք մեծացրել, աշխարհի ջրերը նրանց չեն կլանի: 4-րդ խոսքում տեսնում ենք անվախ քրոջը, ով եղեգնուտի եզրին կանգնած հետևում էր տապանի ընթացքին: Նա մտավ փարավոնի տարածք, խոսեց փարավոնի աղջկա հետ և նորից տուն վերադարձրեց մանկանը, որ աշխարհի կաթով չսնվի: Այս ընտանիքն այնքան անվախ էր, որ երբ ժամանակը եկավ, երեխային կարողացան արձակել, որ նա գնա փարավոնի տուն: Հատագայում նա ողջ ազգը փրկության առաջնորդեց»:

Ժողովի վերջում ավագ հովիվն առաջնորդեց բոլորին աղոթքի, որտեղ եկեղեցուն կոչ արեց կանգնել Մարիամի պես՝ բոլոր բացակա Մովսեսների համար:

«Աստծո Ժողովուրդ» Երևան

Մեկնաբանություններ