Համագումար ՀԱԵ հովիվների ու նրանց կանանց համար

481

«Ջանա՛ քո անձն ընտիր ներկայացնել Աստծո առջեւ՝ որպես մի մշակ, որ ամաչելու պատճառ չունի՝ ճշմարտության խոսքն ուղիղ բացատրելով». Բ Տիմոթեոս 2.15:

Պողոս Առաքյալի այս կոչին հավատարիմ, վերջին տարիներին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կարեւոր սկզբունքներից է դարձել գրագետ եւ կիրթ հովիվներ պատրաստելը: ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի նախաձեռնությամբ եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու բարերարների աջակցությամբ, ժամանակ առ ժամանակ տարբեր աստվածաբաններ կամ փորձառու հովիվներ են հրավիրվում Հայաստան, աշխարհի տարբեր անկյուններից: Այս անգամ, ապրիլի 17-19-ը, Աղվերանում, ՀԱԵ հովիվներն ու նրանց կանայք առիթ ու հնարավորություն ունեցան Աստվածաշնչից դեպի ամբիոն տանող ճանապարհի գաղտնիքների մասին լսել Լիբանանից հրավիրված Ռիմա եւ Վիլբերտ Նասրալլահ-վան Սաան ամուսիններից: Ռիմա Նասրալլահը Բեյրութում Մերձավոր Արեւելքի Աստվածաբանական ճեմարանի «գործնական աստվածաբանության» ամբիոնի դասախոս է, իսկ ամուսինը՝ Վեր. Վիլբերտ վան Սաանը, Բեյրությում Հայկազյան համալսարանի հոգեւոր տեսուչն ու կրոնագիտության ամբիոնի դասախոս է: Ռիման եւ Վիլբերտը Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներից հավաքված մոտ 30 հովիվների սովորեցրեցին քարոզչության բազմազանության, նպատակի, Աստվածաշունչը սերտելու ստեղծագործական մոտեցման, մեկնության, ժողովական մեկնաբանության, ուղղվածության եւ կիրառման սկզբունքները եւ մեթոդները: Այդ ընթացքում երեցկին Հուրի Մելքոնյանը հովիվների կանանց սովորեցրեց աղոթքի կյանքի կարեւորության եւ Աստծո Խոսքը մշտապես սերտելու անհրաժեշտության մասին:

Համագումարի յուրաքանչյուր օր սկսվեց պաշտամունքով, եւ պատգամով ,որի ընթացքում Վիլբերտ վան Սաանը կարծես ամբողջացրեց դասախոսությունների թեմաները:

Սեմինարներով առատ օրակարգը զարդարվեց մշակութային երեկոյով. հովիվների երեխաները հանդես եկան ասմունքով, կանայք՝ երգերով, այնուհետեւ համագումարի մասնակիցները ընդգրկվեցին հումորային ներկայացումներում եւ մասնկցեցին զվարճալի խաղերի:

Համագումարի վերջին պաշտամունքին Սուրբ Հաղորդություն մատուցվեց:

Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ