Թող Քրիստոսի լույսը լինի ձեզ վրա. Արթուր Սիմոնյան

775

«Ուրեմն զգույշ կաց, միգուցե այն լույսը, որ քեզանում է, խավար լինի: Եթե բոլոր մարմինդ լուսավոր է եւ ոչ մի խավար մաս չկա, բոլորը լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր ճառագայթով լուսավորի քեզ»: — Ղուկաս 11:35,36

Մարդիկ հաճախ մտածում են, որ եթե մեկ անգամ լուսավորված են, ուրեմն հավիտյան լուսավորված են: Սակայն Աստծո Խոսքն ասում է` զգույշ մնա, միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Օրինակ, եթե սենյակում լարումը 220 վոլտ է, լույսը պայծառ կլինի, բայց երբեմն տեսնում ես, որ գնալով` լույսը խավարում է: Դա նշանակում է, որ 220 վոլտը դարձել է 180-200 վոլտ:

Գիտեք, ավելի լավ է ընդհանրապես մութ լինի, քան խավար: Խավար լույսը ազդում է մարդու տեսողության, դիմադրողականության վրա, առաջացնում դեպրեսիա: Ճիշտ այդպես էլ լինում է հոգեւոր կյանքում:

Միգուցե մարդը մեկ անգամ լուսավորված է, քայլում է լույսի մեջ, բայց եթե իր կամքով մեղք է գործում, տեղ տալիս քննադատությանը, բարկությանը եւ սրանց նման բաներին, նրա մեջ եղած լույսը խավարում է, եւ աղը կորցնում է իր համը: Աստվածաշունչն ասում է, որ նա դառնում է ոչ պիտանի մարդ:

Սիրելինե’րս, եկեք կարդանք Ավետարանը եւ ստուգենք, թե քանի վոլտ լույս կա մեր մեջ: Ես ի նկատի ունեմ աստվածային լույսը:

Թող Քրիստոսի լույսը լինի ձեզ վրա հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղբյուր՝ wloarm.org

Մեկնաբանություններ