2 տեսակի խոսք, որով ծույլ ծնողները խորտակում են իրենց երեխաներին

1267

Ահա թե ինչքան վնասակար են «կմեծանա՝ կսովորի» եւ «մարդու միջից պիտի լինի» խոսքերը երեխաների ապագայի համար:

Շատ ծնողներ խուսափում են երեխաներին դաստիարակելուց ու մտածում, որ «կմեծանա՝ կսովորի»: Երեւի այս խոսքը շատ եք լսել: Սա նման է նրան, որ սերմը ցանես հողի մեջ ու ասես՝ իրեն-իրեն կաճի: Այդպես չի լինում: Իրեն-իրեն մոլախոտ է աճում ու թրթուրներն ուտում են այն: Արդյունքում՝ ոչինչ չի ստացվում: Իրեն-իրեն ոչ մի բարիք չի լինում: Աշխատել է պետք:

Դուք երբեւէ հող մշակե՞լ եք: Հայտնի է, որ մոլախոտն է միայն ինքնիրեն մեծանում ու բազմանում: Իսկ բարի պտուղներն այդպես չեն շատանում: Եթե դու սերմը ցանես հողի մեջ ու նրա վրա չաշխատես, ապա մոլախոտն ու թրթուրները նրան կուտեն:

Նույնպես էլ՝ երեխաների պարագայում: Եթե դու քո զավակին փոքր հասակից բարիք չսովորեցնես, ապա այս կյանքի մոլախոտն ու թրթուրները նրա բարի հոգին քարասրտությամբ կմեծացնեն: Թեկուզ դու նրան լավագույն կրթության տաս: Չէ՞ որ այս աշխարհում պատերազմ սփռողները լավագույն համալսարաններն են ավարտել:

Մեր ժողովուրդն ասում է՝ «մարդու միջից պետք է լինի» (երբ չեն հաջողում մեկի դաստիարակության գործում): Բայց դա մի փափուկ բարձ է, որ մարդիկ դնում են գլխների տակ ու մի կողմ քաշվում, որովհետեւ չեն ուզում հոգնել: Նախ, պիտի սերմը ցանես, որ «մեջը լինի»: Ապա, հողը պետք է մշակել, պարարտանյութ տալ, ջրել, որ սերմը մեծանա, աճի ու պտուղ տա:

Երկու սերմնացան սերմ ցանեցին իրենց արտերի մեջ: Մեկը գիշեր-ցերեկ քնեց ու նրա արտը արդյունք չտվեց: Իսկ մյուսն աշխատեց իր արտում, ջրեց, հողը փորեց, պարարտանյութ տվեց, ու սերմն աճեց: Հիմա այն մի արտում սերմ կար, այս մեկում չկա՞ր:

Մենք պետք է հոգ տանենք, որ սերմն աճի: Երեխայի դաստիարակությունը՝ այսինքն բարի բաների վարժվելը, տասնյակ տարիների գործ է:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Կարդալ ամբողջությամբ՝ www.aravot.am

Մեկնաբանություններ