Ուզո՞ւմ ես այսօր հանդիպել Նրան

380

Իսրայելացիները գիտեին, որ կա Աստված, նրանք զգում էին Աստծո ներկայությունը, տեսել էին Նրա հրաշքները, բայց չէին փնտրում Նրան:

Երբ որ եկավ ժամանակը Նրան հանդիպելու, նրանք Մովսեսին ուղարկեցին Աստծո հետ հանդիպման:

«Բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները՝ և՛ կայծակները, և՛ փողի ձայնը, և՛ ծխալը։ Եվ ժողովուրդը տեսավ, և ետ քաշվեց ու հեռու կանգնեց. Եվ ասաց Մովսեսին՝ Դու խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. Բայց Աստված թող չխոսի մեզ հետ…» (Ելից 20:18-19):

Իսրայելացիները չուզեցան հանդիպել Աստծուն, որովհետև վախենում էին, որ իրենց մեղավոր բնույթը կբարկացնի սուրբ Աստծուն… Նրանք չուզեցան հանդիպել Աստծուն, որովհետև վախենում էին, որ Նրա ներկայությունը իրենց ինչ-որ բաներ գուցե պարտավորեցնի, չուզեցան հանդիպել Աստծուն, որովհետև այդ հանդիպումը արտասովոր էր լինելու, ոչ սովորական, ոչ ամենօրյա մի բան… ու նրանք հրաժարվեցին:

Դու ուզո՞ւմ ես հանդիպել Նրան, թե բավարարվում ես Աստծո մասին տեղեկություններով լոկ գրքերից ու պատգամներից: Մի՛ վախեցիր հանդիպել Նրա հետ, որովհետև այդ հանդիպում մաքրում է, սրբացնում, զորացնում, լցնում հույսով, պատասխանում անպատասխան հարցերի, բացում փակված դռներն ու ճանապարհ հարթում խավարում…

Իմանալ, որ Աստված կա, դա դեռևս բավարար չէ: Ազգովի կոչվել քրիստոնյա և պարծենալ մեր պատմությամբ ու պապերի հավատքով՝ լավ է, բայց ոչ բավարար… Ես և դու կարիք ունենք ամենօրյա շփման և հաղորդակցման, կարիք ունենք անձնապես ճանաչելու նրան, անձնապես լսելու Նրա ձայնը: Չկա ավելի հրաշալի բան, քան անձամբ ճանաչել կենդանի Աստծուն…

Լավ է, որ կան մարդիկ, որոնց միջոցով Աստված խոսում է մեզ հետ, բայց երբեք չբավարարվես դրանով…

«Տիրոջը փնտրեք, քանի որ գտնվում է…» (Եսայի 55:6):

Փնտրի՛ր Տիրոջը… Ինչ իրավիճակում էլ որ լինես՝ հոգնած կամ նեղված, վիրավորված կամ բարկացած, հիվանդ կամ անխաղաղ, բոլոր իրավիճակների համար լուծումը մեկն է՝ գնա՛ Աստծո մոտ, փնտրի՛ր Նրա ներկայությունը:

Առաջարկում եմ՝  այսօր խորհես այս մտքի շուրջ՝ արդյոք դու ճանաչո՞ւմ ես Աստծուն, փնտրո՞ւմ ես Տիրոջը, թե՞ բավարարվում ես այն մտքով, որ Նա կա…

Արմեն Նիազյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ