Վանաձորում հոգևորականին ծեծի ենթարկելու մեջ կասկածյալը բերման է ենթարկվել

689

Ոստիկանությունը Երևանում հայտնաբերել և բերման է ենթարկել «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) կողմից առաջադրված Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանին, ով կասկածվում է անցած գիշերը Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ Փելեշյանը տարվել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն, ավելի ուշ կտեղափոխվի Վանաձոր:

ՀՎԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում կատարվածն ընդամենը քաշքշուկ է որակել, որը որևէ լուրջ հետևանք չի ունեցել․ — «Եթե չի հոսպիտալացվել մարդը, մենք ինֆորմացիան դրել ենք, դուք կարող եք նայել, ճշտել ենք հիվանդանոցներից՝ նման բան չկա: Քաշքշուկ է եղել, ինչ է եղել, հիմա ով ում քթին է խփել՝ չգիտեմ: Նկատի ունեմ, որ չկա հոսպիտալացում՝ այդքանը»:

Վանաձորի բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Կարեն Բեկչյանը լրագրողներին փոխանցեց, որ Ռաֆայել Գրիգորյանը հիվանդանոց է դիմել կեսգիշերին մոտ, արտաքին զննությամբ «կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չի հայտնաբերել»՝ այդուհանդերձ չբացառելով, որ Գրիգորյանը գլխուղեղային վնասվածք է ստացել և խորհուրդ են տվել անցնել լրացուցիչ հետազոտություն․ — «Առաջարկել են ստացիոնար պայմաններում դինամիկ հսկողություն, որպեսզի ժխտենք կամ հաստատենք գանգուղեղային վնասվածքը: Նա հրաժարվել է»:

Ռաֆայել Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Փելեշյանը երեկոյան եկել է իր մոտ ու ցանկացել է առանձին խոսել և առանձնանալուց հետո սկսել է հարվածել․ — «Միանգամից սկսեց գլխիս հարվածել՝ սեռական բնույթի ամենախայտառակ հայհոհանքները տալով»:

Արկադի Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում դատապարտեց Փելեշյանի գործողությունները․ — «Չեմ միջամտել, չեմ միջամտելու իրավապահների գործողություններին: Ավելին, անկախ նրանից, որ իմ սանիկն է, իմ հարազատ եղբայրն է, ես եմ․․․ եթե պարզվի, որ նման բան իրոք եղել է, ես միշտ երևույթներին ունեցել եմ հստակ դիրքորոշում՝ եթե նույնիսկ ես էլ նման քայլ ձեռնարկեմ, դա դատապարտելի է և անընդունելի»:

Աղբյուր՝ azatutyun.am

Մեկնաբանություններ