Վերջաբան Մաս 2-րդ

138

«Որովհետև խաչի խոսքը կորսվածների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորությունը»: — Ա Կոր. 1:18

Ջրհեղեղի ջրերը մարդկությանը բաժանեցին երկու մասի՝ փրկվածների և կորսվածների: Այսպիսի դեր է կատարում նաև Քրիստոսի խաչը, հավատացողների համար փրկության միջոց է, իսկ չհավատացողներին՝ դատապարտության: Գողգոթա բլրի վրա, Հիսուսի հետ խաչվեցին երկու ավազակ, մեկը՝ աջ, մյուսը՝ ձախ կողմում: Երկուսն էլ ավազակ, նու՛յն դատով դատված, նու՛յն ցավով տառապող և Հիսուսը գտնվում էր նրանց երկուսի մեջտեղում:

Տերը երկուսի համար էլ փրկության հավասարազոր պայմաններ էր ստեղծել, սակայն մեկը ընդունեց իր մեղավորությունը ասելով. «Մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերի արժանի հատուցումն ենք ստանում», և այսպես ասած մտավ տապան, իսկ մյուսը՝ ոչ: Ով իմանա, թե ինչ ծանր հանցանքներ էր կատարել այս ավազակը, ապրելով Աստծուց հեռու՝ մեղավոր ու պիղծ կյանքով: Այո,՛ զարմանալի է, երբ ամբողջ կյանքը մեղքերի ու չարության մեջ ապրած մի մարդ, իր կյանքի մայրամուտին, վերջին ժամերի ու րոպեների մեջ խորը զղջում է ապրում արածների ու ապրածի համար և Տիրոջն ընդունելով՝ փրկվում հավիտենական կորստից:

Բայց ավելի զարմանալի է, երբ Աստված փրկության ձեռք է մեկնում մեղավորին, Իր սերն ու քաղցրությունը տարածելով նրա կյանքում և Գողգոթայի խաչի վրա Իր Որդուն զոհելով, բացում է փրկության դռները, բայց մեղավոր ու չար մարդը, ո՛չ է ասում՝ մերժելով Նրան: Հենց դրա համար էլ խաչի քարոզչությունը հիմարություն է, հիմարություն կորսվածների համար, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, բոլոր ժամանակների ամենամեծ Աստծո զորությունը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ