Հանդիպում վերնատանը

485

Պարսկաստանից եկած մեկը երգում էր:

Չգիտեմ՝ ինչ էին ասում երգի տողերը, բայց երաժշտության նման մի մեղմ ջերմություն ողողել էր ինձ: Բացվեց երանության դուռը, և հրեշտակներն ինձ ողջունեցին:

Այս ժողովրդի ձեռքին որքա՜ն տառապել է մեր ազգը. սպանել են, խաչել, անգամ մաշկազերծել: Ակամայից հիշեցի Վարդանանց պատերազմը և ուսիս վրա մեղմորեն մի ձեռք իջավ ու ինչ-որ մի ձայն ինձ ասաց. «Ահա պարսիկ մարդը»: Ես զարմացած նայեցի երգող պարսիկին, որը բեմի վրա երգում էր: Հետո ձայնը շարունակեց. «Նա կարո՞ղ է քեզ սպանել, երբեք էլ նա չի կարող քեզ սպանել»: Անցյալի տրտմության հուշերը թափվեցին ինձ վրա: Մռայլ պատմության էջեր արթնացան, ու սարսափ: Միտքը շարունակվում է. «Վարդանանց սրբերը այս պարսիկի ձեռքով չեն ընկել: Նրանք կռվել են սատանայի բանակի դեմ, կռվել են դևերի դեմ, որոնք օգտագործում էին պարսիկներին որպես զենք, որպես մարտնչող փղեր»: Հետո լռություն իջավ և ես կարծես թե անչափ հեռվից լսում էի այդ սքանչելի երգը: Երգը Հիսուսի մասին էր, երգողը պարսիկ էր: «Այդ պատերազմը չի ավարտվել», ասաց Սուրբ Հոգին, «դա հավատքի պատերազմ է, հիմա դեռ շարունակվում է: Ոչ ոք չի մեռել, կռիվը դեռ շարունակվում է: Նրանք մարտնչում են դեռ Աստծո բանակի դեմ: Եվ այս պատերազմում ոչ ոք չի մեռնելու: Սրբերի պատերազմը ժողովուրդների և պետությունների դեմ չէ: Նահատակվելը մեռնել չէ»:

Նորից լռություն եղավ:

«Այս պարսիկը», ասաց Սուրբ Հոգին, «չի կարող մարդ սպանել»:

Ես պարսիկի մեջ սեր էի փնտրում: Նա չի կարող մարդ սպանել: Նա երգում է և նրա երգը սքանչելի է: Ես զարմանում եմ թե ինչու նահատակվեցին Վարդանանք, զարմանալի է նաև այս երգը: Աստծո Հոգին ցնծում է այս երգի մեջ: Ես սիրում եմ այս պարսիկին, ես սիրում եմ նաև այս երգը: Այս երգը իմ մանկության օրորոցի վրա մայրիկիս երգած երգի նման է: Եվ մանկության օրերի արցունքները ողողում են ինձ:

Ես մտածում եմ այս երկու ժողովուրդները Աստծո առջև սուրբեր են եղել և այնքան միամիտ ու այնքան անմեղ, որ դևերը շրջապատել ու մեկիկ-մեկիկ խեղաթյուրել են իրանց, գրգռել իրար դեմ: Դարեր հետո փոշմանել են: «Դևը քեզ խաբել է», ասում եմ երգող պարսիկին, իսկ նրա էությունից Սուրբ Հոգին երգում է ու իմ սիրտը հուզվում է: «Քեզ ասում եմ դևերը խաբել են և դու ինձ սպանել ես»: Ես հիմա լսում եմ քո երգը: Ես տեսնում եմ Սուրբ Հոգուն, որ երգում է քո բերանով: Ես քեզ սիրում եմ: Դու մի ժամանակ ինձ սպանեցիր, որ Քրիստոսին չսիրեմ: Ես տեսա իմ արյունը Քրիստոսի խաչի վրա և այն ոգուն, որ քո մեջ էր: Հիմա քո մեջ Սուրբ Հոգին երգում է. ես հուզվում եմ սիրուց: Դու հիմա խոստովանում ես, որ Կայենը քո մեջ է եղել, որ մարդասպան ես եղել, մոլագար ու ամեն ինչ: Եղել ես…

Մի օր Հիսուսը հպվել է քեզ և մարդասպանի դանակը ընկել է քո ձեռքից: Հետո դու արտասվել ես իմ դիակի վրա, որին դու ես սպանել դարեր առաջ: Հիմա աղոթում ես, որպեսզի հարություն առնեմ, որ ինձ ցույց տաս քո սերը: Հիսուսը ուզում է, որ հավատաս հարությանը և դու հիմա երգում ես: Լսում եմ Սուրբ Հոգու ձայնը և սիրտս հալվում է: Ես սիրում եմ քեզ: Դու ինձ սպանել ես, իսկ հիմա երգում ես, աղոթում ես, որ ես մարմին առնեմ, որ խոստովանես քո սերը: Դու այդ երգով ամեն ինչ ասացիր, բայց այդ երգը ֆարսերեն է, և ես Ձեր լեզուն չգիտեմ: Իսկ սերը հորդում է դահլիճում և ես լաց եմ լինում: Դու սրբվում ես, քո ձեռքերին այլևս արյան հետք չկա, միայն երգ, երգ, որը սեր է բերում: Դու աղոթում ես բոլոր հայ նահատակների համար: Քո մեջ Քրիստոսն է ապրում:

Դու խոստովանում ես քո սերը և դահլիճի բաց պատուհաններից ծաղիկներ են թափվում՝ սպիտակ ծաղիկներ: Սուրբ Հոգին քայլում է անցուղիներով: Այստեղ բոլորը սպիտակ զգեստներ են հագել: Դու երգում ես ֆարսերեն և մենք քեզ չենք հասկանում Ձեր լեզուն, բայց մեր շրջապատում ամեն ինչ փոխվել է սպիտակ ծաղիկների: Սպիտակ բույր է լցվել դահլիճում, սպիտակ օրհնություն: Ուր որ է դուռը կբացվի և Քրիստոսը սպիտակ շորերով ներս կմտնի:

Ողջունե՛նք Նրան:

Հովհաննես Վարդանյան

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ