Ո՞րն է քո զորության գլխավոր աղբյուրը

397

Սուրբ Հոգին այսօր առատորեն թափվում է եկեղեցիների վրա:

Հակառակորդը նպատակ ունի հեռացնել մարդուն Սուրբ Հոգուց, որովհետև հասկանում է, որ Հոգով լցված, Հոգով մկրտված քրիստոնյան շատ վտանգավոր է իր համար, ուստի նա փորձում է հնարավորինս խեղաթյուրել այն փաստը, որ այսօր էլ մարդիկ կարող են մկրտվել Սուրբ Հոգով և ունենալ օտար լեզուներով աղոթքի պարգևը:

Սուրբ Հոգին է հանդիսանում քրիստոնյայի գլխավոր զորության աղբյուրը: Դեռևս Հովհաննես Մկրտիչը խոսում էր Հոգու մկրտության մասին և մատնանշում էր մկրտողին՝ Հիսուս Քրիստոսին:

«Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար. բայց իմ ետևից եկողն ինձանից զորավոր է, որի կոշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով» (Մատթ. 3:11):

Սուրբ Հոգով մկրտվելը պատվեր էր Քրիստոսի կողմից: Նա պատվիրեց մնալ Երուսաղեմում և սպասել Հոգու գալուստին՝ Հոգու մկրտությանը:

«Եվ նրանց միասին ժողովված ժամանակը, պատվեր էր տալիս նրանց՝ Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել Հոր ավետիքին, որ ասեց՝ ինձանից լսեցիք։ Որովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան և ասում. Տե՛ր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Եվ նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն իր իշխանությունում դրավ։ Բայց դուք զորություն կառնեք՝ երբոր Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:4-8):

Սուրբ Հոգու մկրտությունը չի սահմանափակվում լեզուներ խոսելով, այլ այն գերբնական զորությունն է, որով սկսում է առաջնորդվել քրիստոնյան: Հենց այդ զորությունն էր, որ վախկոտ Պետրոսին կանգնեցրեց ժողովրդի առաջ և նրա պատգամով ապաշխարեց 3000 հոգի:

Հիսուսը պատվիրեց աշակերտներին՝ ոչինչ չանել և սպասել, քանի դեռ վերից չեն ստացել Զորությունը, և երբ այդ զորությունը եկավ, աշակերտները վերափոխվեցին, նրանք լցվեցին Սուրբ Հոգու կրակով ու զորությամբ և սկսեցին վկայել ու քարոզել:

Այսօր եկեղեցին այդ զորության կարիքն ունի: Այո՛, մենք ընդունել ենք Քրիստոսին, մենք փրկվել ենք, սակայն մենք Հոգու մկրտության կարիքն ունենք, Հոգու զորության, որպեսզի կարողանանք ծառայել Աստծուն նշաններով ու հրաշքներով:

Թող Սուրբ Հոգին հորդի քո մեջ, և որտեղ որ գնաս, այդ Հոգին թող կյանք պարգևի:

 Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ