Որտե՞ղ է քո հաղթության բանալին

493

Շա՜տ ենք ուզում հաջողվել հոգևոր կյանքում, ուզում ենք ուժեղ լինել, հաղթել մեղքին, աստվածահաճո կյանք ապրել:

Բայց շատ հաճախ չի ստացվում: Նեղվում ենք, որոշումներ կայացնում, բայց կարճ ժամանակ անց դարձյալ նույն խնդիրը, նույն մեղքը, նույն փորձությունը… թվում է, թե չկա ազատում այս ամենից: Սիրելի՛ քրիստոնյա, չգիտեմ՝ որքան ես պայքարում ինչ-որ մեղքի, բնավորության ինչ-որ գծի կամ վատ սովորության դեմ, բայց ուզում եմ մեկ բանում վստահ լինես` հաղթության բանալին միայն Քրիստոսի մեջ է:

Ունե՞ս անլուծելի խնդիր ու դժվարություն, մնացե՞լ ես մենակ ու անօգնական, գլխիդ մեջ շատ հարցե՞ր են կուտակվել… մոտեցի՛ր Աստծուն, փնտրի՛ր Նրան, խոսի՛ր Նրա հետ: Մտիր քո ծածուկ սենյակն ու անկեղծացիր Աստծո առաջ: Նա գիտի քեզ, քո սիրտը, քո մտածմունքները, գիտի քո խնդիրներն ու դժվարությունները, Նա գիտի քեզ ավելի լավ, քան քո մտերիմներն ու ընկերները, քո ծնողներն ու բարեկամները… և Նա ուզում է օգնել քեզ:

Աստծո համար դու թանկարժեք ադամանդ ես: Եվ եթե անգամ այսօր կորցրել ես փայլդ ու գեղեցկությունդ, Միակը, ով կարող է վերադարձնել քո նախկին փայլն ու գեղեցկությունը, քո Վարպետն է՝ ամենակարող Աստված: Քեզ մնում է հիմա ծնկի գալ, և Աստված կսկսի հղկման պրոցեսը:

Զորհաբ Գրիգորյան

Մեկնաբանություններ