Խեղճացած դահիճը. իրական պատմություն՝ Մեծ Եղեռնի օրերից

1072

«Վրեժխնդրությունը Իմնէ, Ես պիտի հատուցեմ, — ասում է Տերը». Հռովմ. 12։19:

Օրիորդ  Օվսաննան տարագրության օրերին Մարաշում էր: Նա աշխատում էր տեղի Գերմանական հիվանդանոցում որպես ավագ հիվանդապահուհի: Ահա, թե ինչ է պատմում որպես ականատես:

Մի օր,  հիվանդանոց բերեցին մի քանի տեղերից դանակահարված մի թուրք վիրավորի: Բժիշկն իր մոտ  կանչելով  հիվանդապահներից մեկին, հիվանդին հանձնեց  նրան և շտապ դուրս  եկավ սենյակից, պատրաստվելով վիրահատության: Բուժքույրը մոտենալով հիվանդին, իսկույն ճանաչեց իր ազգականներին մորթած դահիճներից մեկին: Լեզուն կուլ տված, թունավոր օձ տեսնող տագնապած մարդու պես մոտեցավ ինձ, արտասուքն աչքերին ասաց.

Ես ինչպե՞ս խնամեմ նրան, որ իմ աչքերի առաջ սպանել է ազգականներիս:

Խորը վշտով տառապող աղջկա խոսքերը կապարի ծանրությամբ ճնշեցին ուղեղս ու զարհուրելի անակնկալից խորապես ազդված, մտա հիվանդասենյակ, ճանաչեցի և մեր  տոհմի ոչնչացումը կազմակերպող գազանին: Աչքերիս առջև  պատկերվեց արյունաշաղախ հարազատներիս կերպարանքը: Այստեղ մեր առջևում էր տասներկու ծաղիկ կյանքերը խլած, խեղճացած դահիճը: Նա ամենուրեք մահ էր սփռել, իսկ հիմա ինքն էր տառապում նույն մահվան ճանկերում: Դուրս գալով՝ հիվանդապահուհուն ասացի.

Մի՛ վախեցիր, ես կփոխարինեմ քեզ, ի սեր իմ Տեր ու փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի:

Ատամներս իրար սեղմած, բայց դատաստանս երկնավոր Հորս հանձնած, սկսեցի հոգատարություն ցուցաբերել վիրավոր թշնամուն: Նա մեր նախկին հարևանը լինելով, ճանաչեց ինձ և հազիվ լսելի ձայնով ասաց.

Հարևանուհի՛, գթություն եմ հայցում քեզանից:

Իսկ ես լուռ, խղճիս ձայնին հետևելով, շարունակում էի խնամել նրան: Գերմանացի բժիշկը վիրահատական միջամտություն ցույց տալու նպատակով, նրան տեղափոխեց վիրահատարան: Բացելով վերքը, բավական ժամանակ պայքարեց այրունահոսությունը դադարեցնել, սակայն անօգուտ: Դաշույնի հարվածներից լյարդը շարքից դուրս էր եկել, փրկել հնարավոր չէր: Վիրահատարանից դուրս գալով, մոտեցավ հարազատներին և հասկացրեց, որ իրենց  հիվանդին ապրելու հույս չկա: Նրանք  իսկույն կանչեցին հոգևոր առաջնորդին՝ մոլլային, որպեսզի նրա համար աղոթելով բացի «Ջեննեթի» (դրախտի) դռները: Եկավ առաջնորդը և մոտեցավ, որպեսզի մահվանը պատրաստող աղոթք անի: Ինձ նկատելով մոտեցավ հիվանդի եղբորը և ասաց.

– Այս գյավուր աղջկան դուրս հանեք, որպեսզի կարողանանք աղոթել:

Մահամերձ թուրքը մերժեց առաջնորդի խնդրանքը, գնահատելով իմ հոգատարությունը իր նկատմամբ: Մոլլան շարունակեց.

– Սալամաթ կա՛լ, կարդաշը՛մ, Ալլահ հալալլահ, Մուհամմադ ռասուլ Ալլահ:

Այսինքն՝ «Աստված մեկ է և Մուհամմեդը նրա առաքյալն է»: Վիրավորը լուռ, անվերջ վերև էր նայում:

– Աղոթի՛ր, եղբայր, – ասաց մոլլան:

Եղբայ՛ր, վերև նայիր ու տես, որ իմ սպանած հայերն այնտեղ են, իրար կողքի շարված, ես ինչպե՞ս աղոթեմ, – դողացող ձայնով պատասխանեց չարագործը: Եվ սարսափազդու աղաղակներով փակեց աչքերը:

Սա՛, հազարավոր դահիճներից միայն մեկի մահվան ահավոր տեսարանն էր, որը կրկին ապացուցում է Աստծու վրեժխնդրությունը:

Հատված՝ Վահրամ Թուրյանի «Մութ ամպերից պայծառ հորիզոններ» գրքից:

Պատրաստեց Մարատ Զաքարյանը

Մեկնաբանություններ