Զատիկ. Բանաստեղծություն

6242

Այսօր Զատիկ է, տոնը մեր զատման
Աշխարհի մեղքից, մահից ազատման,

Քրիստոսն Իր զոհով զատեց մեզ մեղքից,
Փրկեց, ազատեց մահվան անեծքից:

Ձրի նվիրեց շնորհը փրկության,
Բայց քեզ թանկ գնեց մեղքից հավիտյան,
Թողեց Իր Փառքը, ցած իջավ գահից,
Որպեսզի փրկի քո կյանքը մահից:

Քանդեց կապերը մեղքի գերության,
Որ քեզ կապել էր իշխանն աշխարհի,
Հոգուդ նվիրեց մասն Իր զորության,
Որ կյանքում քանդես գործերը չարի:

Քեզ մահից զատեց, որ ազատ ապրես,
Նոր հոգով, ճերմակ, ինչպես ձյան փաթիլ,
Քո ամեն մեղքին, փրկագին որպես,
Արյունն Իր թափեց կաթիլ առ կաթիլ:

Զատկի այս տոնին երբ ձու ես ներկում,
Այդ կարմիր գույնը խորհուրդն է արյան,
Որով քո սրտում աշխարհն ես հերքում,
Ու քայլում դեպի կյանքը հավիտյան:

Շնորհակալ եմ, Տե՛ր, որ եկար աշխարհ,
Դեպ երկինք տանող դուռ ես, ճանապարհ,
Զատեցիր կյանքս մահվան վտանգից,
Քեզ եմ նվիրում, ինչ տվել ես ինձ:

Շնորհակալ եմ, Տե՛ր, արյանդ համար,
Առանց Քեզ մահվան պիտի գնայի,
Սուրբ անունդ վեհ պահելու համար,
Գիշեր և ցերեկ ջանք չեմ խնայի:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ