Զինվորի նամակն Աստծուն

559

Լսի՛ր, Աստված…

Կյանքումս երբեք Քեզ հետ չեմ խոսել, բայց այսօր ուզում եմ ողջունել Քեզ:

Դու գիտես, որ մանկուց ինձ ասել են, թե իբր Դու չկաս: Եվ ես, հիմարս, հավատացել եմ: Քո արարչագործության մասին երբեք չեմ խորհել:

Եվ ահա այս գիշեր, երբ նռնակի փորած խառնարանից նայում էի աստղալից երկնքին, որ իմ գլխավերևում էր, զմայլվելով Քո արարչագործությամբ, հասկացա հանկարծ, թե որքան դաժան կարող է լինել սուտը:

Չգիտեմ, Աստված, կտա՞ս ինձ Քո ձեռքը, բայց թույլ տուր ասեմ, ու Դու ինձ կհասկանաս. Տարօրինակ չէ՞, որ այս ահավոր դժոխքում ինձ համար հանկարծ մի լույս ծագեց, և ես ճանաչեցի Քեզ: Ուրիշ ոչինչ չեմ ուզում Քեզ ասել, բացի նրանից, որ ես ուրախ եմ, որ ճանաչեցի Քեզ:

Գիշերը պետք է գնանք հարձակման, բայց ես չեմ վախենում, չէ՞ որ Դու հսկում ես մեզ:

Ահա և ազդանշանը՝ գնալուս ժամանակն է: Ի՜նչ լավ էր Քեզ հետ:

Նաև ուզում եմ ասել, որ, ինչպես գիտես, մարտը դաժան է լինելու: Եվ գուցե հենց այս գիշեր թակեմ Քո դուռը: Թեկուզ մինչև հիմա Քո բարեկամը չեմ եղել, բայց թույլ կտա՞ս ինձ ներս մտնել, երբ գամ:

Ի՞նչ պատահեց, կարծես լաց եմ լինում… Աստվա՜ծ իմ, տեսնում ես, բացվել է իմ միտքը: Մնաս բարով, Աստված իմ, գնացի: Եվ դժվար թե վերադառնամ:

Որքան էլ տարօրինակ է, մահից այլևս չեմ վախենում…

… Ասում են, այս նամակը Հայրենական պատերազմում զոհված զինվոր Ալեքսանդր Զայցևի (Զացեպա) շինելի գրպանում 1944 թվականին գտել է մի գթության քույր:

Պատրաստեց Աշոտ Հովսեփյանը

Մեկնաբանություններ