Աստծո սպառազինությունը. Հավատքի վահանը

624

Շատերիս հայտնի է, որ Եփեսացիս 6-րդ գլխում, որտեղ Պողոս առաքյալը նկարագրում է Աստծո սպառազինությունը, գրելու ժամանակ իր աչքի առաջ տեսնում էր հռոմեացի լեգեոներին, որը պատկերված է այս նկարում: Իհարկե, սպառազինության մեջ յուրաքանչյուր բաղադրիչը՝ լինի պաշտպանողական, թե հարձակվողական, իր յուրահատուկ տեղն ունի ու շատ կարևոր է, և ամեն մեկի բացակայություն էլ Քրիստոսի զինվորին դարձնում է այս կամ այն չափով խոցելի թշնամու համար:

Բայց ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնենք վահանի վրա, որը երևում է նկարի աջ մասում: Նրա չափերն իրականում այնպիսին են եղել, որ այն ծածկել ու պաշտպանել է կյանքի համար կարևոր բոլոր օրգանները, այնպես որ հակառակորդը հնարավորություն չի ունեցել լեգեոներին լուրջ վնաս հասցնելու կամ շարքից հանելու: Կարող եք տեսնել նաև, որ վահանի կենտրոնում երկաթե գունդ է ամրացված: Դա ամենևին դիզայնի համար չէ, այլ արված է հատուկ նպատակով, որպեսզի թշնամու նետերը, նիզակներն ու սրերը դրան դիպչելով, սահեն, իրենց ուղղությունը փոխեն ու մի կողմ նետվեն՝ առանց վահանը վնասելու:

Վահանից ներքև երևում է լեգեոներների միաբանությունը ճակատամարտի ժամանակ: Նրանք ոչ միայն իրենց են պաշտպանում, այլ նաև մեկը մյուսին: Ահա թե ինչու դարեր շարունակ հռոմեացիները անպարտելի են եղել:

Եվ ի վերջո նայեք լեգեոների դեմքին ու կեցվածքին: Այսպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը մեղքի և սատանայի (բայց ոչ երբեք մարդկանց) հանդեպ, որպեսզի հոգևոր պատերազմում հաղթող լինենք, և Եբրայեցիս ուղերձի հեղինակը հենց սա նկատի ուներ, երբ գրում էր 12.4 խոսքը:

Ուրեմն ի՞նչ.
1. հավատքի վահանը
2. միաբանություն
3. ատելություն մեղքի և սատանայի հանդեպ

Ի դեպ, վերջինի հետ միասին ու նախևառաջ սեր Աստծո և մարդկանց հանդեպ. այս երկուսը անբաժան են:

Եվ ինչպես տեսնում ենք, սպառազինությունը եզրափակվում է աղոթքով: Աղոթքը մեր հզոր զենքերից է: Ահա այսպես մեր Հավատքի Զորագլխի հրամանատարությամբ մեր կատարյալ հաղթանակն ապահովված է:

ԵԲՐԱՅԵՑ.12. 4 _ «Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին»:

ԵՓԵՍԱՑ. 6.10 -18 _ «Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը: Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։ Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել. Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած, Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։ Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։ Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սրանում հսկեցէք բոլոր հարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար»: Ամեն:

Էդուարդ Մխիթարյանի ՖԲ գրառումը

 

Մեկնաբանություններ