Ավետիս մեզ բոլորիս և ավետիս աշխարհին. Վարդան Բլբուլյան

213
Vardan Blbulyan

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱ՜Վ Ի ՄԵՌԵԼՈՑ…
Ավետիս մեզ բոլորիս և ավետիս աշխարհին…

Քրիստոսի Հարությունը՝

  • Հույսի տոնն է, որովհետև ժամանակը մեր վրա իշխանություն չունի և մեր կյանքն ապահովագրված է Քրիստոսում։
  • Հավատքի տոնն է, որովհետև Հավիտենական Աստված բազմած է գահին և մեր ապագան նախ նրան է հանդիպում։
  • Սիրո տոնն է, որովհետև Հավիտենական Աստված բազկատարած սպասում է մեզ և մեր կյանքը Նրան է պատկանում։

Քրիստոսի Հարությամբ՝

  • Մեր մեղքերը ներվեց և մեզ հավիտենական կյանքի պարգևը շնորհվեց։
  • Մահը կորցրեց իր խայթոցը և մեզ ազատեց մահվան սարսափից։
  • Պատռվեց վարագույրը և մեզ անարգել Նրա սուրբ ներկայության մեջ գալու ու Իրեն վայելելու ողորմության արժանացրեց։

Մեր օրերում, երբ վախի սարսափի ուրվականն է թևածում ամենուր խլելով մարդկանց հույսը։ Հիմա, երբ մարդիկ մահվան երկյուղով բռնված ուզում են հենման կետ փնտրել։ Հիմա, երբ յուրաքանչյուրն իր խարխուլ մակույկով նետվել է փոթորիկի մեջ ու մարած հոգով քաջալերանքի կարիք ունի… մեր անմահության երթը հաստատում և հռչակում ենք կրկին ու հազար անգամ կրկնելով՝ Քրիստոս Հարեա՜վ ի մեռելոց… Քրիստոս հարություն առավ մեռելներից, և Իր մահով մահը կոխկրտեց…

Easter

Ներկայիս փոթորիկը, որ մոլեգնում է ամբողջ աշխարհում և հասել է բոլոր ազգերին կհանդարտվի միայն Հարություն առած Հիսուսին իրենց նավի մեջ հրավիրելով։
Այսօր ավետիսի օր է, այսօր ուրախության օր է… ուրեմն եկեք միասին. պատռե՛նք Տիրոջից բաժանող մեր վարագույրը (մեղքի, ձևապաշտության, վախի, անհուսության…) ու Նրա սուրբ ներկայության մեջ գոհունակությամբ ազդարարենք ի լուր աշխարհին.
— Մեր Տերը՝ տերերի Տերը, Հիսուս Քրիստոսը Հարություն է առել մեռելներից, Նա ողջ է, Հիսուսը Գահին է, Հիսուսն է մեր ուրախությունը, հույսն ու ապահովությունը…
Շնորհակալ եմ Տերերի Տիրոջը իմ մեծ քրիստոնեական ընտանիքի, Իր Եկեղեցու համար։

Միասին դեռ ճանապարհ ունենք գնալու, միասին դեռ ասելիք ունենք… դեռ Ավետիս ունենք, դեռ աղաղակ ուենք…

Չընկճվե՛ք, չվախենա՛ք աշխարհից և նրա սուտ մարգարեներից, մունետիկներից ու գործակալներից, չխաբվե՛ք հուդայական հացից, համբույրից և արծաթից… հեռացի՛ր խավարի գործերից, վերցրո՛ւ լույսի զենքերը, քանզի իմ և քո Արարիչն ու Թագավորը, հավատքի զորագլուխը Քրիստոս՝ Հարեա՜վ մեռելներից:

Օրհնեալ է Հարությունն Քրիստոսի…
Մեզ բոլորիս մեծագույն ԱՎԵՏԻՍ…

Աստված օրհնի ձեզ և թող որևէ թախիծ, տրտմություն, վախ, անհուսություն և դառնություն երբևէ չպատի ձեզ, և մշտապես մնաք երջանկության ու սիրո մեջ:

Սիրով և աղոթքով՝
Վարդան ու Նաիրա

Մեկնաբանություններ