Գալիք ճակատագիր

637

Աստվածաշունչը շատ քիչ տեղեկություններ է հայտնում հանդերձյալ կյանքի մասին։ Միակ վկայությունը Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ սպասվող դատաստանն է։

Հին Կտակարանի հեղինակները հարատև գոյություն են ակնկալել դժոխքում (եբր՝ «շեոլ», հուն՝ «հադես»), որը կյանքի երանությունից հեռանալուց հետո պարզապես հանգստյան և լռության մի վայր էր։ Բայց ժամանակին զուգընթաց մարդիկ սկսեցին ավելի հստակ գիտակցել, որ Աստված իրենց համար փառավոր ապագա էր նախատեսել դժոխքից անդին։ Աստված Իր ժողովրդին շեոլում չի թողնում, այլ նրանց դեպի կյանք և ուրախություն է առաջնորդում։ Ե՛վ Հոբը, և՛ Դանիելը իրենց վստահությունն են հայտնում ապագայի հանդեպ։ Հոբը համոզված է, որ տեսնելու է Աստծուն։ Իսկ Դանիելը պատմում է հարություն առած մեռելների մասին։

Պետրոսը Հիսուսի մահվան մասին խոսելիս հայտնում է, որ Դավիթը Մեսիայի հարության մասին ակնարկեց՝ ասելով. «Նա չմնաց մեռելների աշխարհում, նրա մարմինը չփտեց գերեզմանում»։ Մեկ այլ տեղ Պետրոսը հայտնում է, որ Հիսուս գնաց մեռելներին՝ բանտարկված հոգիներին քարոզելու՝ ենթադրաբար, Իր խաչելության և հարության միջև ընկած ժամանակահատվածում։ Նոր Կտակարանում մահն հաճախ որպես քուն է հիշատակվում։ Հիսուս «դրախտ» բառով է նկարագրում Աստծու հետ խաղաղությամբ մեռնողների բերկրալի հարատևությունը։ Իսկ Պողոսը համոզված էր, որ երբ քրիստոնյան մահանում է, նա Քրիստոսի հետ է։ Անկարելի է պատկերացնել գոյություն ժամանակից դուրս, մինչդեռ Նոր Կտակարանի հեղինակներն հավատացած էին, որ քրիստոնյա հավատացյալները՝ մեռած, թե կենդանի, տեսնելու են Քրիստոսին և մտնելու են երկնային փառքի մեջ՝ «հարուցյալ» նոր մարմիններ ստացած, որոնք այլևս ենթակա չեն մահվան։

Սղ 93.17, 15.9-11, Հբ 19.25-27, Դն 12.2-3, Գրծ 2.31, Ա Պտ 3.19-20, Մտ 9.24, Ա Կր 15.20, 35-58, Ղկ 23.43, Ա Թս 4.13-17, Հտ 20.11-22.5

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ