Գիտակցություն անհրաժեշտ չէ՞

522

Մարդուն տվեք մի քանի քառակուսի մետր հող, անսպառ ջուր և առաջարկեք, որ այդ հողից ու ջրից առանձնացնի երկաթի ատոմները: Մարդը կկառուցի մի ահռելի լաբորատորիա, կապականի այդ ամբողջ հողը, ջուրը, կապականի նաև շրջակայքը, ծուխ ու մուր կանի և գուցե կարողանա առանձնացնել երկաթի որոշ քանակությամբ ատոմներ: Բայց դրա համար նա պետք է ներդնի ահռելի միջոցներ և, ամենակարևորը, ահռելի գիտական ներուժ՝ խելք, բանականություն, գիտակցություն:

Առաջարկեք այդ նույն հողից առանձնացնել միայն յոդի ատոմները: Նա կկառուցի նոր լաբորատորիա, կրկին կապականի շրջակայքը և կրկին կպահանջվի բարձր գիտակցություն:

Նույնը ցինկի դեպքում, նատրիումի, կալիումի… Եվ հետո մարդը կպարծենա, թե ինքը իր բարձր գիտակցության շնորհիվ կառուցեց այդ լաբորատորիաները:

Իսկ հիմա այդ նույն հողում տնկեք խնձորենի: Ծառը հողից ու ջրից կկորզի մեծ քանակությամբ երկաթ, կկուտակի այն իր պտուղներում ու կտա մարդուն: Երկաթի հետ կտա նաև այլ բազմաթիվ օգտակար նյութեր: Ու չի փչացնի ոչ հողը, ոչ ջուրը, ոչ էլ շրջակայքը: Ընդհակառակը՝ կմաքրի օդը, կհարստացնի թթվածնով, զով կպարգևի…

Տնկեք ընկուզենի, և այն կառանձնացնի յոդը: Ցանեք դդում, և այն կկորզի հողի ու ջրի միջի աննշան քանակությամբ ցինկի ատոմներն ու կկուտակի իր կորիզներում:

Խնձորենին, ընկուզենին, առավելևս՝ դդումը գիտակցություն չունեն: Բայց դրանք յուրատեսակ լաբորատորիաներ են, որ կարողանում են կատարելապես կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ առանձնացնել երկաթը, յոդը, ցինկը:

Մարդու ստեղծած լաբորատորիաների համար պահանջվում էր մեծ խելք ու բարձր գիտակցություն:

Իսկ մի՞թե մարդու ստեղծած լաբորատորիայից անհամեմատ ավելի կատարյալ «լաբորատորիաների»՝ խնձորենու, ընկուզենու կամ դդումի ստեղծման գործում գիտակցություն չէր պահանջվում:

Խնձորենին, ընկուզենին ու դդումը արարված են Արարչի՝ ամենակարող Աստծո կողմից՝ կատարյալ Սիրով, կատարյալ ճաշակով և անգերազանցելի գիտակցությամբ:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ