Գիտությունը ծնվել է Քրիստոնյա Եվրոպայում (մաս 2)

243

Քրիստոսից հետո այլևս անհնարին էր տիեզերքի աշխատանքի վերաբերյալ գաղափարներ կազմել մեկնելով սոսկ փիլիսոփայական անճշգրտելի սկզբունքներից, ինչպես ժամանակին վարվում էին հույները։

Աստծուն ճանաչելու համար հարկավոր էր ուսումնասիրել և ճանաչել Նրա արարչությունը։ Մոգությունն ու աստղաբաշխությունը, որոնք հիմնվում են անիմիզմի և պանթեիստական բազմաստվածության վրա, սկսեցին նկատվել որպես այնպիսին, ինչպիսին որ էին իրականում. անբանական ու պախարակելի սնոտիապաշտություններ։ Միմիայն քրիստոնյա Եվրոպայում է, որ ալքիմիան զարգացավ և դարձավ քիմիա, իսկ աստղաբաշխությունը զտվելով ու հասունանալով դարձավ աստղագիտություն։ Ծնունդ առավ գաղափարը, որն ի դեմս տիեզերքի տեսնում է մի «արարած», այսինքն՝ մի «ստեղծվածք», որն հնարավոր է քննել և ուսումնասիրել, մերժելով հեթանոսական ընկալումները, որոնք տիեզերքը նկատում են իբրև ամենատարբեր աստվածությունների որջ, կամ իբրև մի հսկա «աստվածային կենդանի»։ Փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը (1874-1948) գրում է. «Քրիստոնեությունը ցույց տվեց բնության մեքենայականությունը և մարդուն վերադարձրեց իր ազատությունը», այսինքն՝ ազատեց մարդուն ամեն տեսակի հեթանոսական սնապաշտություններից, աստղերի ենթադրյալ կամքին հնազանդվելուց, բնության ամեն մի անկյունում, ամեն մի քարի ու թփի տակ թաքնված անբանական ու քմահաճ աստվածություններին ու ոգիներին ենթարկվելուց և նրանցից սարսափելուց։ Թեիստական և քրիստոնեական աշխարհայացքից ծնունդ առան, հետևաբար, գիտական մտածողության նախադրյալները։

Այն աննախադեպ ձեռքբերումները, որոնք իրականացան Ք.հ. 1500 թվականից սկսած, պատմական անվիճարկելի փաստ է, որ իրականացան քրիստոնեական միջավայրում և Եկեղեցու անմիջական հովանավորությամբ։ Դրանում աշխարհական (լայիկ) մտածողությունը ոչ մի մասնակցություն չի ունեցել։ Ինչպես ընդգծում է կրոնների մերօրյա ամենահռչակավոր պատմագետ Ռոդնի Սթարքը, «դրանք գագաթնակետը եղան միջնադարյան սքոլաստիկների կողմից համակարգված եղանակով դարեր շարունակ առաջ տարված զարգացումների, որոնց նեցուկ կանգնեց Տասներկուերորդ դարի զուտ քրիստոնեական գյուտը. համալսարանների հիմնումը։ Գիտությունն ու քրիստոնեական կրոնը ո՛չ միայն համերաշխ են, այլ մինչև իսկ անբաժանելի են, և գիտությունը ծնունդ է առել խորապես կրոնական կյանք ապրող քրիստոնյա մտավորականների շնորհիվ»(20)։ Առաջին Համալսարանները հիմնվել են քրիստոնեական Միջնադարում (որին հակաքրիստոնեական ստախոսները դեռ շարունակում են «խավար դար» կոչել, իրենց ստերով ստորացնելու համար այդ փառահեղ դարաշրջանի ողջ պայծառությունը), հիմնվել են կաթողիկե Իտալիայում ու Եվրոպայում, և աշխարհի ուրիշ ոչ մի կետում։ Քրիստոնեական աշխարհամասում, եկեղեցապատկան հաստատություններում ևպապական հովանավորությամբ ու ֆինանսավորմամբ են ուսանել և աշխատել Կոպերնիկոսը, Հարվեյը, Գալիլեյը, արդի բժշկության հայրերն ու մյուս բոլոր ականավոր գիտնականները։

Գիտության աշխարհահռչակ պատմագետ Սըր Ալֆրեդ Ն. Ուայթհիդը հիշեցնում էր, որ Ք.հ. 1500 թվականին եվրոպացիները գիտական ձեռքբերումների առումով գրեթե միևնույն մակարդակի վրա էին, ինչ Արքիմեդը Ք.ա. Երրորդ դարում, բայց հազիվ երկու դար անց, 1700-ականներին Նյուտոնը կարողացավ շարադրել իր գլուխգործոցը. «Principia Mathematica» («Մաթեմատիկական սկզբունքներ»)։ Ինչպե՞ս հնարավոր եղավ, հարց է առաջ քաշում վաստակաշատ պատմագետը, որ այդքան քիչ ժամանակաշրջանում գրանցվեց գիտական ճանաչողության այդպիսի հսկայական մի պայթյուն։ Եվ տալիս է այդ հարցի պատասխանն, ասելով. «Արդի գիտությունը ծնվել է Աստծո բանականության վերաբերյալ միջնադարյան մտորումներից։ […] Իմ բացատրությունն այն է, որ գիտության հնարավորության հանդեպ հավատքը, որը ծնունդ է առել արդի գիտական տեսության զարգացումից առաջ, միջնադարյան աստվածաբանության ենթագիտակցական արդյունքն է։ […] Բնության ուսումնասիրությունները չէին կարող չհանգել բանականության հանդեպ հավատքի արդարացմանը»(21)։ Աշխարհահռչակ գրող Ք.Ս. Լյուիսն (1898-1963) այս կերպ էր համառոտում Ուայթհիդի միտքը.«Մարդիկ դարձան գիտական, որովհետև սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, իսկ սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, երբ հավատացին Օրենսդրին»։

շարունակելի …

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ