Գիտությունը չի ծնվել Հին Հունաստանում (մաս 3)

415

Մի ա՛յլ պատճառ ևս, որ անհնարին էր դարձնում գիտական մեթոդի ծնունդը Հին Հունաստանում, այն էր, որ հույներն համառորեն համոզված էին, թե անշունչ առարկաներ գոյություն չունեին և նյութական մարմինները նույնպես կենդանի էակներ էին։

Հետևաբար, եթե նյութական մարմիններն էլ կենդանի էակներ են, ամբողջովին սխալ ու անիմաստ է բնական երևույթները բացատրելու փորձ կատարելը։ Օրինակ, կրկին Արիստոտելի համաձայն, երկնային մարմինները (աստղերը, մոլորակները) շրջանակաձև պտույտ էին կատարում, որովհետև սիրում էին այդ շարժումը, և առարկաներն ընկնում էին գետին «մղված այն բնածին սիրուց, որ տածում էին երկրի կենտրոնի նկատմամբ»(10)։ Հունական մտածողությունը, մի խոսքով, ճահճացավ իր իսկ ներքին տրամաբանության ներսում։ Պղատոնից ու Արիստոտելից հետո քիչ բան փոխվեց հունական մտածողության մեջ, եթե հաշվի չառնենք երկրաչափության ոլորտում գրանցված որոշակի զարգացումները, որոնք իրականում բավականին մակերեսային են, քանի որ ի վիճակի են բացատրելու իրականության մի քանի տեսանկյունները միայն, բայց ո՛չ ամբողջը։ Հռոմեական կայսրությունն իր մեջ ներքաշեց նաև հունական մշակույթը, որը սակայն նշանակալի նպաստ չունեցավ ոչ ոքի մտավորական զարգացման գործում(11)։ Ոչինչ տեղի չունեցավ և ո՛չ իսկ Արևելքում, – Բյուզանդական կայսրությունում, ինչպես նաև, ցավոք, Հայաստանում, – ուր հունական մտածողությունը շարունակեց տարածվել ու հավատարմորեն պահպանվել։

Այս ամենով անշուշտ չենք ցանկանում ուրանալ կամ արհամարհել հունական մշակույթի մեծ արժեքը և նրա կարևոր ազդեցությունը քրիստոնեական փիլիսոփայության և Եվրոպայի մտավորական կյանքի վրա։ Պատահական չէ, որ Միջնադարի քրիստոնյա մեծագույն մտավորականները (առաջին հերթին հենց Սուրբ Օգոստինոսն ու Սուրբ Թովմա Աքվինացին), աներկբա կերպով հռչակում էին Արիստոտելի, Պղատոնի և ա՛յլ հին փիլիսոփաների մեծությունը, հատկապես փիլիսոփայական որոշակի հարցերում։ Բայց, գործածելով կրոնների պատմագետ Ռոդնի Սթարքի (ծնվ. 1934) խոսքերը, «գիտության զարգացումը դասական գիտելիքների շարունակության արդյունքը չեղավ։ Բնական հետևանքը եղավ քրիստոնեական վարդապետության, որը միանշանակ կերպով հաստատում է. բնությունը գոյություն ունի, որովհետև ստեղծվել է Աստծո կողմից, իսկ Աստծուն սիրելու և պատվելու համար հարկավոր է խորապես գնահատել Նրա սքանչելագործությունները»(12)։

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ