Ո՞վ է ումից հեռացել

282
Smiling man outdoors

Եթե մեզ թվում է, թե Աստված հեռվում է, ապա խորհենք,  թե ո՞վ է ումից հեռացել: Մենք այսօր խնդիր ունենք, որովհետև բացթողում ենք ունեցել երեկ: Եթե նույն բացթողումը կրկնենք այսօր, վաղը կդառնա երկու խնդիր:

Այսպես է սկսվում և ավարտվում մեր յուրաքանչյուր օրը, երբ մենք օրվա բացթողումը չենք լրացնում նույն օրվա վերջում: Օրերը անցնում են շատ արագ, և խնդիրները գումարվում են նույն արագությամբ, և գալիս է մի գեղեցիկ օր, երբ մեր խնդիրները ցցվում են մեր աչքի առաջ, և չքվում է դրանց լուծման եղանակը մեր գլխից: Անիմաստ ժամանակի կորուստ է:

Ամեն ինչ պետք է սկսել նորից, և սկսել Աստվածաշնչով…

Մենք` քրիստոնյաներս չենք սիրում կարդալ Աստվածաշունչ, լսել
հոգևոր բնույթի քարոզներ, Աստծո խոսքի մեկնություններ, բայց
սիրում ենք բարձրաձայնել մեր խնդիրների մասին ու տրտնջալ:

Հիմա, եթե մենք չկարդանք Ավետարան, մի պարզ բան չենք իմանա,
որ մեր ամեն քայլը, խոսքը, գործը եթե չսաստենք Աստծո խոսքով,
մենք կդառնանք հոշոտող գայլ: Իսկ կարդալու դեպքում գեղեցիկ ձևով ձևավորվում է չափավորություն ամեն ինչում, լսելու բացառիկ կարողություն, հարգելու դիմացինի կարծիքը` թեկուզ սխալ:

Քրիստոսի խոսքը Իր ժամանակից սկսած միշտ վավեր է, ապրած է, փորձված է, և հանդիսանում է մեր կյանքի կիզակետը: Ուրեմն այնպես ապրենք, որ Աստծո օրհնությանը արժանանանք հենց Իր խոսքի միջոցով:
Իսկ խնդիրներ եղել են, կան ու պիտի լինեն:

Գտնե՛նք հոգևոր լուծումներ…

Եթե մեկը գանգատվում է, որ չի կարողանում լուծել իր պրոբլեմները,
ապա թող լսի, թե ինչ է ասում իմաստունը…
«Եթե դրանք քո պրոբլեմներն են, ապա դու կարող ես դրանք լուծել:
Իսկ եթե դա քո ուժերից վեր է, նշանակում է` դրանք քո պրոբլեմները չեն:
Որովհետև Ամենաբարձրյալը ստեղծել է մեզանից յուրաքանչյուրին և
գիտի, թե ինչն է մեր ուժերի սահմաններում…»

Ծովիկ Դավթյան

Ֆեյսբուքյան գրառում

Մեկնաբանություններ