Երկու հակառակ բևեռ…

1233

Մենակություն ո՞վ է սիրում,
Սովորում են մենությանը…
Չար ու դաժան ո՞վ է ծնվում,
Չարանում են ժամանակի ընթացքում…
Սե՛ր են տալիս, սե՛ր շռայլում,
Բայց այդպես էլ՝ սիրուց կարոտ հեռանում..

Մերժվածները տառապում են,
Ընկածները՝ տրորվում,
Դժբախտներն էլ քար արցունքով՝
Հոգու խորքում՝ հառաչում…

Արդարները քարկոծվում են,
Ազնիվները՝ հալածվում,
Անկեղծները լռության մեջ
Պապանձվում են, քարանում,
Իսկ անարդարն ամբողջ սրտով`
Սգացող է ձևանում…

Դավաճանը ճառ է ասում.
— Եկե՛ք մնանք հավատարիմ,
Կեղծավորը ծա՛փ է տալիս,
Շահամոլը՝ պա՛ր գալիս,
Ստախոսը երաշխիքով,
Գայլին գառ է պահ տալիս,
Մեծախոսն էլ մատի շարժով՝
Այս աշխարհն է շուռ տալիս…

Քաղցած մարդը հացի պատառն
Աղքատին է բաժանում,
Հարուստներն էլ կալվածքներն են
Միմյանցից գողանում,
Անտունները խրճիթներում
Ճամփորդներ են ընդունում,
Իսկ դղյակում ապրողները`
Պարիսպներ են կառուցում…

Ոչ ոք հարուստ չի ծնվում,
Բայց շատերն են
Ոսկիների տիրանում,
Հոգով աղքատ չեն ծնվում,
Բայց քչերի հոգիներն են
Արքայություն ժառանգում..

Ա. Երիմյան

Մեկնաբանություններ