««Երկրորդ կես» չեն լինում, դառնում են». հարցազրույց Գոռ Մեխակյանի հետ

845
Gor Mekhakyan

Կա՞ արդյոք երկրորդ կես թե՞ ոչ, և ո՞րն է երեխաներին դաստիարակելու ամենաճիշտ ճանապարհը: Այս և մյուս հարցերին պատասխանում  է Մոսկվայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հայկական ծառայության պատասխանատու, հովիվ Գոռ Մեխակյանը:

Հովիվ Գոռ, կա այսպիսի արտահայտություն, որ յուրաքանչուր ուժեղ տղամարդու ետևում ուժեղ կին է կանգնած: Ըստ ձեզ՝ դա այդպե՞ս է:

Ես հակառակի փորձառությունը չունեմ, քանի որ իմ կողքին թույլ կին չի եղել: Իմ կինն ինձ համար միշտ օրհնություն է եղել և օրեցօր շարունակում է ավելի մեծ օրհնություն դառնալ: Իհարկե, ընտանեկան շատ հարցեր կան, որոնք նա իր վրա է վերցրել, որովհետև ես շատ եմ ճամփորդում և քիչ եմ լինում տանը: Նույնն էլ ծառայությանն է վերաբերում: Դա պայմանավորված է նրանով, որ նրան ես կարողանում եմ ամեն հարցում վստահել:

Կինս կարողանում է յուրաքանչյուր ծառայություն կատարել առանց իրենը փնտրելու, փառք Աստծուն: Մենք 7 տարի ծառայում էինք մի քաղաքում, որտեղ կինս ավելի շատ ծառայություն ցույց տվեց քան ես: Շատ կարևոր է, թե ով է կողքիդ, որովհետև նույն այդ կինը կարող է քեզ ծառայությունից հետ քաշել, Աստծուց հեռացնել:

Ինչ վերաբերում է կնոջ ուժեղ թե թույլ լինելուն, սա էլ ես մի փոքր այլ կերպ կասեի: Ավելի կարևոր է ոչ թե այն, որ կինդ ուժեղ լինի, այլ այն, որ նա կարողանա ձուլվել քո տեսիլքին ու քեզ հետ առաջ գնա: Նա կարող է լինել թուլ ու փխրուն մի էակ, բայց եթե կարողացավ ձուլվել քո տեսիլքին, դա արդեն ուժ է. նա խոչընդոտ չէ քեզ համար, ընդհակառակը, նա քեզ առաջ է մղում:

Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը և հասկացաք, որ Նա է ձեզ համար սահմանված:

Հուրախություն ինձ՝ ես և կինս ծանոթացել ենք եկեղեցում: Երկար ժամանակ իրար հետ նույն ծառայությունում ենք ծառայել, և եղել ենք շատ լավ ընկերներ: Հետո հասկացանք, որ այդ ընկերությունը պետք է այլ դաշտ տեղափոխել:

Երիտասարդները հաճախ ասում են, թե փնտրում են իրենց «երկրորդ կեսին». Իրականում կա՞  նման հասկացություն, թե՞ այնուամենայնիվ մենք ընտրում ենք, իսկ Աստված՝ օրհնում:

Իրականում մեր կողակցին մենք ենք ընտրում: Իհարկե, պատահում է, որ Աստված է ընտրում, բայց Նա երբեք ցույց չի տալիս, որ դա Իր ընտրությունն է: Այսինքն Տերը, քանի որ շատ լավ գիտի մեզանից յուրաքանչյուրին, մեզ պարզապես մոտեցնում է մեկ այլ մարդու: Ես չեմ հավատում, երբ մարդիկ ասում են, թե Տերն իրենց ասել է, որ հենց այդ մեկն է իր կեսը: Միգուցե լինի մի հատուկ դեպք, երբ մի եղբայր այնքան կույր լինի, որ չնկատի իր շրջապատում ոչ ոքի, և Տերը, միգուցե, ցույց տա նրան ինչ-որ մեկին: Կարծում եմ, որ նման դեպքեր շատ հազվադեպ կարող է լինել: Բայց հիմնականում Տերն օրհնում է, երբ մենք ընտրություն  ենք կատարում:

Իսկ «երկրորդ կես» չեն լինում, դառնում են: Օրինակ, իմ կինը հիմա խոսում, կատակում է այնպես, ինչպես դա ես կանեի, նույնն էլ իմ դեպքում է: Բաց դա այդպես չէր, երբ մենք նոր էինք ծանոթացել: Մենք կարող ենք մեկ-երկու բառ փոխանակել և ոչ ոք չհականա, նույնիսկ մեր երեխաները, բայց դրանով մի ողջ պատմություն պատմենք իրար: Այսինքն, իրար չեն միանում երկու կեսեր: Ո՛չ, ամուսնությամբ իրար են միանում երկու անտաշ քար, բայց կողք կողքի, հղկվելով վերածվում են երկու կեսի:

Ձեր ամուսնական կյանքի ընթացքում ինչպե՞ս եք կարողանում պահպանել միմյանց հանդեպ սերը. չէ որ հաճախ այն կարող է սառչել կամ կորչել:

Gor MekhakyanՄեզ մոտ ընտանեկան սերը պահպանելու խնդիր չկա: Ես չեմ կարող համեմատել մեր այսօրվա հարաբերությունները, այն հարաբերությունների հետ, որն ունեինք, օրինակ, 5 տարի առաջ: Սերը, որը մենք ունեցել ենք ամուսնանալուց առաջ, չնչին է համեմատած այն սիրո, որն ունենք այսօր: Մենք կարծես ձուլվում, մեկ ենք դառնում: Մեր սերը գնալով աճում է:

Աստված ասում է, չթողնել  առաջին սերը: Շատերս մոռանում ենք այդ առաջին սերը, հետո սկսում փնտրել այն: Մենք սիրում ենք Տիրոջը, բայց առաձնապես չենք էլ ճանաչում Նրան: Չնայած դրան,  Աստված ամեն օր Իր քաղցրությունը նորովի է ցույց տալիս, և հետևաբար մեր սերն էլ աճում է: Սերը շարունակաբար պետք է աճի: Նույն սկզբունքն էլ ընտանիքում է գործում:

Դուք ունեք երկու աղջիկ: Կառանձնացնե՞ք երեխաների դաստիարակության կարևոր հատկանիշներ: Եվ տարբերվո՞ւմ է արդյոք աղջկան և տղային տրվող դաստիարակությունը:

Ես կարծում եմ, որ «երեխաների դաստիարակություն» հասկացություն գոյություն չունի: Կան շատ սկզբունքներ, ուսմունքներ, թե ինչպես մենք պետք է դաստիարակենք երեխաներին: Ես չեմ սիրում, երբ մեզ այդ հարցում սովորեցնում են եվրոպացիները, ամերիկացիները կամ, այսպես ասենք, հյուսիսի ազգերը, որովհետև մենք պետք է սովորեցնենք դա իրենց:

Նմանատիպ ուսուցումները շատ դեպքերում անիրական են, քանի որ այդ նույն հեղինակի որդին 16 տարեկանում դառնում է թմրամոլ, 19 տարեկանում անբարոյական, իսկ 22-ում մի կերպ աշխարհից փրկության է գալիս: Ես չեմ ուզում իրենց մեթոդներով դաստիարակել իմ երեխաներին: Ավելի լավ է արևելքից մի պապիկի հարցնել, թե ինչպես է ինքը դաստիարակել իր երեխաներին, որ երբ տուն է մտնում, բոլորը ոտքի են կանգնում, քան կարդալ անիրական ուսմունքներ: Պողոս առաքյալը դրա համար էր ասում, որ երբ ինչ-որ մեկին ծառայության ենք ընտրում, տեսնենք իր ընտանիքում կարողանո՞ւմ է արդյոք ծառայել:

Ընդհանրապես «դաստիարակություն» բառը որպես սիստեմ խորթ է ինձ համար: Եթե դու ունես երկու երեխա, երկուսին էլ նույն կերպ ես դաստիարակում: Բայց չնայած նրան, որ երկու երեխաներին էլ նույն ծնողներն են դաստիարակում, նրանցից յուրաքանչյուրը մեծանում, դաստիարակվում է յուրովի: Իմ ծնողները ինձ ու եղբորս նույն կերպ են դաստիարակել, բայց այսօր մենք լրիվ տարբեր մարդիկ ենք և լրիվ տարբեր էլ եղել ենք դաստիարակության ողջ ընթացքում:

Ինչ վերաբերում է այն հարցերին, երբ պետք է հստակ ուղղորդես, ճիշտ ճանապարհը ցույց տաս երեխայիդ, ես կողմ եմ նաև «գավազանի» կիրառմանը: Կան եվրոպական այսպիսի ուսմունքներ, որ երեխաներին չի կարելի խփել, երեխային պետք է ասել, հասկանել: Բայց Աստվածաշունչը հորդորում է գավազանը օգտագործել:

Ես ունեմ, այսպես ասած, «դաստիարակչական փայտիկ», և երբ երեխաներս չարություն են անում, հանգիստ կերպով վերցնում եմ այդ փայտիկը, և գալիս եմ իրենց մոտ: Այդ պահին իրենք շատ լավ գիտեն, որ կարող է ցավոտ լինի իրենց համար, բայց նաև գիտեն, որ ես սիրող հայր եմ: Րոպեներ անց նրանք գալիս և գրկում են ինձ: Ես կարծում եմ, որ երեխաները փոքրուց պետք է հասկանան, որ հնձում են այն, ինչ ցանում են:

Իսկ կդաստիարակենք, կկրթենք աղջկա, թե տղայի, ապա կարծում եմ, որ ոչ մի տարբերություն էլ չկա: Մենք՝ որպես ծնող, երկուսին էլ ցույց ենք տալիս լույսը, ճշմարտությունը: Հիսուսը ճանապարհը ցույց չէր տալիս սեռով պայմանավորված: Չէր ասում՝ աղջիկները այսպես կփրկվեն, տղաները՝ այսպես: Կա նման մտածելակերպ, թե տղային պետք է մի քիչ ուրիշ կերպով դաստիարակես, որ ուժեղ լինի, կռիվ անել իմանա, բայց դա սուտ է: Երեխային դաստիարակել նշանակում է Քրիստոսի լույսը ցույց տալ, մնացած ամեն ինչ երեխան այդ կոնտեքստում է սովորելու: Ճանապարհը և դրան համապատասխան դաստիարակությունը  մեկն է թե՛ աղջկա և թե՛ տղայի համար:

Աղբյուրը՝ wolarm.org

Մեկնաբանություններ