Զվարճանալ՝ մահո՞վ

2331

Կա՞ աշխարհում առավել անցանկալի երևույթ, քան մահն է: Չկա, առավելևս՝ եթե դա մերձավորիդ մահն է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր տոնում են այսպես կոչված հելոուինը կամ արդարացնում են այն տոնողներին.

Դուք համարձակվում եք զվարճանալ մահո՞վ: Կհանդուրժե՞ք արդյոք, երբ որևէ մեկը փորձի զվարճանալ ձեր հարազատի մահով:

Դուք ձեզ թույլ եք տալիս մահվան կերպարանք ընդունել և դա համարել խա՞ղ: Կերպարանավորվել Աստծո հակառակորդի՝ սատանայի կերպարով, և դա համարել ուրախությո՞ւն: Վախեցնել մերձավորներիդ և հաճու՞յք ստանալ դրանից: Մահ ու սարսափ եք քարոզում, որովհետև դա անում են նաև արտասահմանո՞ւմ:

Եթե այո, ապա դուք լրջագույն հոգեկան խնդիրներ ունեք:

Դիմեք հոգեբույժի կամ հոգևորականի: Դիմեք Աստծուն, և Նա կազատի ձեզ այդ սարսափելի դիվահարությունից:

Կասեք՝ մենք չենք հավատում ոչ Աստծո, ոչ սատանայի գոյությանը: Դա, իհարկե, նույնպես բնական չէ: Սակայն անգամ այդ դեպքում հարց է առաջանում. Եթե չեք հավատում սատանայի գոյությանը, ապա ինչո՞ւ եք տոնում սատանայի տոնը: Աստվածային տոների՝ Սուրբ Ծնունդի և Հարության նկատմամբ թերահավատ վերաբերմունք ունեք, բայց հելոուին կոչված դիվային միջոցառմանը մասնակցում եք անթաքույց խանդավառությամբ: Չհավատալով սատանային՝ երկրպագո՞ւմ եք նրան: Մի՞թե դա սատանայապաշտություն չէ:

Մի՞թե դա աստվածանարգություն չէ:

Շատերն ասում են, որ տոնելով մահվան տոնը՝ իրենք իբր դրանով ցույց են տալիս, որ չեն վախենում մահից: Անվախությունն ամեն դեպքում գովելի է: Բայց համոզված եմ, որ դուք լավագույն դեպքում չեք վախենում միայն սեփական մահից (թեև դա էլ խիստ կասկածելի է): Իսկ մերձավորի, հարազատի մահից նո՞ւյնպես չեք վախենում: Իսկ ձեր հարազատները նո՞ւյնպես չեն վախենում ձեր մահից: Օրինակ՝ ձեր մայրը: Համոզված եմ, որ նա չի ցանկանում անգամ մտածել դրա մասին: Բայց, չգիտես ինչու, հանդուրժում է, երբ դուք հրճվում եք մահվան շուրջպարերում:

Անգամ հեթանոսները չէին տոնում մահը:

Նրանք սարսափում էին մահից, միամտորեն փորձում էին հաճոյանալ մահվանը, որպեսզի հանկարծ իրենց չտանի: Բայց մահը տոնակատարության չէին վերածում:

Հելոուին տոնողներից ոմանք, հայտնվելով փորձության կամ դժբախտության մեջ, հավանաբար կսկսեն հայհոյել Աստծուն, թե ինչո՞ւ թույլ տվեց նման փորձանք: Այս հարցն ունի պարզագույն պատասխան՝ դուք երկրպագում էիք սատանային, բայց Աստծո պաշտպանությո՞ւնն էիք ակնկալում: Ո՞ւր մնաց տրամաբանությունը: Մի՞թե ձեզ կպաշտպաներ նա, ում երկրպագում էիք: Ո՛չ, սատանայի նպատակը կորցնելն է: Նրա նպատակը մահն է, որը դուք տոնի եք վերածել:

Մահը գոյություն ունեցող երևույթներից վատթարագույնն է:

Մահվան հետ նույն շարքում են այնպիսի զազրելի երևույթներ, ինչպիսիք են դավաճանությունը, ստորությունը, քծնանքը, գարշահոտությունը և այլն: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր մահը տոնի են վերածում, ապա մի օր էլ կարող են տոնել, օրինակ, ստորաքարշության տոնը, մյուս ամիս՝ լկտիության տոնը, հետո՝ բանսարկության տոնը, նողկանքի տոնը և այլն: Կանե՞ք: Չեք անի: Ուրեմն մի տոնեք նաև մահվան տոնը: Սա և՛ հորդոր է, և՛ աղաչանք:

Հավատում եմ, որ ցանկացած մարդ, եթե ինքը իրեն քրիստոնյա է համարում, չի կարող մասնակցել այս դիվային խրախճանքին, որ կոչվում է հելոուին: Հավատում եմ, որ ճշմարիտ եկեղեցիները ջանք չեն խնայի մարդկանց ետ պահելու այս ցինիկ սատանայապաշտությունից:

Եղե՛ք քրիստոնյա:

Իսկ եթե չեք ուզում քրիստոնյա լինել, ապա գոնե ընդամենը մարդ եղեք: Կենդանի մարդ, ոչ թե մահվան երկրպագու:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ