Դու որքա՜ն մեծ ես, Աստվա՛ծ. Րաֆֆի Շահվերդյան

1614

Իսրայելի Հույսը

Դու՛ խոնարհվել գիտես նորածին մանկան չափ,
Դու՛ փառահեղ աթոռդ մսուրի հետ փոխել գիտես
Դու՛ գիտես սիրել՝ թողնելով ամեն բան,
Դու՛ Արարիչդ ամեն տեղի, անտուն ու տեղ մնալ գիտես,
Դու՛ կարող ես միայն իջնել այնքան, մինչ արարածիդ գիրկը,
Դու՛ միայն գիտես սիրելով մարդանալ, երկնքից՝ երկիր:

Ինքդ՝ մութ մսուրի մեջ, աստղդ երկնքի գագաթին,
Ինքդ՝ անխոս մի մանուկ, իսկ երգդ թնդում է երկնքում,
Ինքդ՝ լոկ մարդկային, իսկ գործդ վեհ Աստվածային,
Ինքդ՝ հալածված, իսկ մեզ հետ էր Աստված:
Դու որքա՜ն մեծ ես, Աստված:

Քեզնով շարժվեցին արևելքի երկինք նայողները,
Քեզ համար երգեցին երկնքի բյուրավոր զորքերը,
Քեզնով շփոթվեցին չար թագավորները,
Քեզնով հուսադրվեցին անհույս հովիվները,
Քեզնով օրհնյալ են շնորհընկալ բոլոր «Մարիամները»,
Քեզնով սրբվում են արցունքոտ աչքերը:

Դու՛ դարերի սպասված հույս,
Դու՛ ազգերի փրկության լույս,
Դու՛ մարգարեների կատարված Խոսք,
Դու՛ միլիարդների լսված աղոթք,
Դու՛ Իսրայելի գալող Մեսիա,
Դու՛ երկնքից եկած միսիա ,
Դու՛ որքա՜ն մեծ ես, Աստված:

Որբերը հայր ունեն արդեն,
Արցունքը խանձարուրով չորացավ:
Խուլերը լսում են ձայնը քնարիդ,
Կաղերը վազում են Քեզ ողջագուրվելու,
Համրերը խոսում են փառքիդ քնարով,
Աղքատները՝ հարուստ գանձերովդ երկնքի,
Այրիներն ավետում են փրկություն և կյանք:

Պար են բռնել հրեշտակներ. «Փա՜ռք ի բարձունս»:
Մենք էլ, Էմմանուել այգու ծաղկունքներս,
Հոգուդ քամու հետ պարում ենք խելահեղ…
Եվ երգում ենք, թե «Դու որքա՜ն մեծ ես, Աստված» (Տեր)

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ