Լսիր Աստծո ձայնը

429

«Եվ այս առակն ասաց նրանց։ Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մէկը կորցնի. Չի՞թողիլ իննսուն և ինը անապատումը, և այն կորածի ետևից գնա, մինչև որ գտնի նրան։ Եվ երբ որ գտնի, ուրախանալով իր ուսերի վրա կդնի նրան։ Եվ տուն գալով, բարեկամներին և դրացիներին կկանչի և նրանց կասի. Ուրախացեք ինձ հետ. Որովհետև իմ կորած ոչխարը գտա: Ասում եմ ձեզ, թեայսպես ուրախություն կլինի երկնքումը մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան թե իննսուն և ինն արդարների համար, որոնց ապաշխարհություն պետք չէ» (Ղուկաս 15:3-7)։

Հիսուսը այս առակում ցույց է տալիս մի հոգու կարևորությունը: Ցույց է տալիս, թե որքան ուրախություն է լինում երկնքում մի հոգու ապաշխարության համար: Այս կորած գառը մոլորվածը կամ անապաշխարհն է: Կարևոր է իմանալ, որ Աստված սիրում է նաև մոլորվածներին, չի ողջունում նրանց քայլը, սակայն նրանց կյանքի համար դեռևս ծրագիր ունի:

Գառները խոնարհության խորհրդանիշն են: Նրանք չեն նայում ճանապարհին, այլ լսում են հովվի ձայնը: Մեզ էլ Աստված նմանեցնում է գառների և ցանկանում է, որ մենք Իր ձայնը լսենք ու ճանաչենք: Տերը ուզում է, որ Իրեն ձայնով ճանաչենք, այլ ոչ թե երևույթով, որովհետև հակառակորդն էլ կարող է արտաքնից լույսի հանդերձով գալ:

Աշխարհում շատ ձայներ կան, բայց արդյոք դու ո՞ր ձայնին ես հետևում:

Գառնուկը մոլորվում է հովվի ձայնը չլսելուց. եթե նա լսում է՝ հետևում է հովվին, եթե չլսի՝ կմոլորվի և գայլի բաժին կդառնա:

Եթե լսես Հիսուսի ձայնը երբեք չես մոլորվի: Ձայնը ճանաչում են մտերմությունից, հրաշալի բան է, երբ կարողանում ենք ձայները զանազանել: Եթե Հիսուսին մոտ լինենք նրա ձայնը կճանաչենք:

Աստծո հետ մտերիմ լինողը կլսի Նրա ձայնը, կճանաչի Նրան և կգնա Նրա ետևից:

Կարեն Թադևոսյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ