Խոսք մարդկային սրտին. Բանաստեղծություն

1147

— 1-

Ով դու, մարդկային սիրտ վտանգավոր,
Որ թաքնված ես բարու քողի տակ,
Կեղծավորության, դավերի սովոր,
Դու մեղքի ծով ես` հատակդ անտակ…

Ի սկզբանե մերժող Աստծուն,
Սուրբ Հոգուն մերժող սև ագռավի բույն:
Մեր նախահայրը` Ադամը վկա,
Քեզ պես ապերախտ աշխարհում չկա:

Դու շատ նախանձ ես ու նաև քինոտ,
Եղբայրասպան մի օձ ես թունոտ,
Երբ բնակվեցիր դու Կայենի մոտ,
Նրա ձեռքերը դարձան արյունոտ…

Բյուր Դալիլա ես ձեռքիդ ունեցել,
Որոնք ծնկներով կյանք են որսացել…
Անթիվ Դավիթ ես ցած գցել փառքից`
Ազնիվ Ուրիաներ զրկելով կյանքից…

— 2 –

Մեկ երևում ես սուրբ մարդու դերում,
Մեկ` հրացանի սև փողի դերում:
Մեկ խաբվող ես, խեղճ ու կրակ
Սև գուբն իջնող արագ — արագ:

Մեկ քաղցրախոս լեզու ունես,
Օձին բնից դուրս կհանես…
Մեկ` հայհոյող լպիրշորեն,
Մեկ` կործանող անգթորեն:

Մեկ կերևաս հանց հարազատ,
Մեկ` սև դավեր գործող ազատ:
Մեկ տեսքն ունես բարեկամի,
Մեկ էլ` դառնում խիստ թշնամի:

Մեկ դառնում ես գուրգուրող մայր,
Մեկ էլ` թունոտ սև նետի ծայր…
Դու` հիպնոսող, դու` դերասան
Դու` և կեղծող, և սուտասան:

Դու` համոզող մեծ շողոքորթ,
Քայքայող ու կյանք ուտող որդ…
Խոստանում ես մեղր ու կարագ,
Վերջում տալիս` գեհեն, կրակ…

Դու` պղծության շտեմարան,
Դու` օձերով լեցուն մառան…
Եվ վերջապես դու նեռի տուն,
Ուր ապրում է այն պառավ բուն,
Որ գիշերն է ելնում որսի`
Թշնամին է ամեն լույսի:

Ձեռքիդ ստրուկ` մարդը դարձավ,
Տվիր նրան և մահ, և ցավ:
Քեզնով դարձավ նա մորթապաշտ,
Շրջապատում` հպարտ, անհաշտ,
«Ես»-ը դրեց սրտի գահին,
Իրեն պաշտեց հենց այդ պահից:

Ու ինքնապաշտ այդ խղճուկին
Պետք է ասել, ասել կրկին.
«Ով մորթապաշտ ստրուկ ես-ի
Կարիքն ունես դու Հիսուսի,
Քեզ փոխելով` նորը կանի,
Այդ վիճակից քեզ կհանի…»

Միքայել Սվարյան

Մեկնաբանություններ