Խորհրդային իշխանությունները 1937թ․-ից սկսեցին տոնել Նոր տարին՝ սուրբծննդյան տոնի ազդեցությունը պակասեցնելու համար. Ամատունի Վիրաբյան

744
amatuni_virabyan

Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես տոնածառ դրվել է 1937թ-ի հունվարի մեկին, մինչ այդ Նոր տարին եղել է աշխատանքային օր. Tert.am-ի հետ զրույցում պատմական անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ով նշեց, որ այդ ժամանակ էլ հայտնվեց Ձմեռ պապ հասկացությունը:

«Ձմեռ պապ մինչ այդ կար, բայց ոչ մեզ մոտ: Առաջին անգամ Նոր տարին այդ ժամանակ է տոնվել, մինչ այդ տոնին ուշադրություն չի դարձվել, քանի որ կար սուրբծննդյան տոնը, և մարդիկ նման մեծ պատրաստություն տեսել են հենց Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ին: Որպեսզի սուրբծննդյան տոնի ազդեցությունը պակասեցնեն, խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում Սուրբ Ծննդի տոնից առաջ տոն նշել, որպեսզի մարդիկ ուրախանան, հանգստանան և նրան ուշադրություն չդարձնեն: Այսպես էլ արեցին. առաջին անգամ տոնածառ թե՛ Մոսկվայի հրապարակում, թե՛ Հանրապետության հրապարակում դրվել է 37թ-ի հունվարի մեկին»,-ասաց նա:

Թե որքան հեշտությամբ դա ստացվեց խորհրդային իշխանությունների մոտ, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ըստ պատմական արխիվների, իհարկե ոչ հեշտությամբ:

«Իհարկե դժվարությամբ է այդ ամենը փոփոխվել, ժողովուրդն իհարկե դիմադրել է, բայց նոր սերունդ էր արդեն գալիս, որոնք հեշտությամբ էին ընդունում այդ փոփոխությունը, առավել ևս հայտարարվեց ոչ աշխատանքային օր, իսկ Ծննդյան տոներն արդեն աշխատանքային էին, դրա համար էլ հաջողվեց փոխել»,-ասաց նա:

Իսկ այն հարցին՝ արդյոք պատմական փորձը հաշվի առնելով հնարավոր է նույն կերպ վերադառնալ արմատներին, Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ Սուրբ Ծնունդը առաջնային տոն համարենք:

«Ինչպես օրինակ Եվրոպայում է, եթե մենք էլ Սուրբ Ծնունդը սկսենք տոնել դեկտեմբերի 25-ին, այսինքն՝ Գրիգորյան օրացույցով, այդ դեպքում հնարավոր է: Բայց մենք Սուրբ Ծնունդը շարունակում ենք տոնել Հուլյան օրացույցով, այսինքն՝ 13 օր հետո: Այսինքն՝  օրացույցի խնդիր է, մենք տոնը առաջ տանելով Նոր տարուց, մարդիկ արդեն կպատրատվեն Սուրբ Ծննդին. մեկ անգամ են քեֆ անում, ուրախանում, խմում, ման գալիս»,-ասաց նա:

Նա օրինակ բերեց Սուրբ Զատկի տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցին փոխեց, և տոնում ենք նույն օրը, ինչպես Եվրոպան:

«Առաջ Ռուսաստանի հետ էինք տոնում, Ուղղափառ եկեղեցու հետ, հիմա կաթոլիկների նման ենք տոնում, այսինքն՝ 1995թ-ից տոնում ենք Գրիգորյան օրացույցով, ինչպես կաթոլիկները»,-ասաց նա:

Ի դեպ, Ամատունի Վիրաբյանը նաև բացատրեց «Հին նոր տարի» հասկացությունը, որը մեզանում շատ թե քիչ պահպանվել է:

«Մինչև 1918թ-ը Ռուսաստանում գործում էր դեռևս Հուլյան օրացույցը, և մեզ մոտ Նոր տարին 13 օր հետ էր, քան Եվրոպայում. այնտեղ Գրիգորյան օրացույցով էր գործում: 1918թ-ին Ռուսաստանում, այդ թվում՝ նաև ապրիլին Հայաստանում փոխվեց, և մենք ևս անցանք Գրիգորյան օրացույցի: Դրա համար հունվարը տեղափոխվեց և 13 օր առաջ ընկավ, և սկսեցին Նոր տարին տոնել հունվարի 1-ին: Բայց ՌԴ-ում դեռ եկեղեցին շարունակում է Հուլյան օրացույցով տոնել, և դրա համար կա Հին նոր տարի հասկացությունը: Դրանց տարբերությունը 13 օր էր»,-ասաց նա:

Մի բանում Ամատունի Վիրաբյանը համոզված է՝ անկախ նրանից, ինչ պետական քաղաքականություն վարվի, երկու տոն նույն ոգևորությամբ չի տոնվի երբեք:

«Եթե մեկը մնաց, եթե Նոր տարին ավելի առաջ եղավ, չեն տոնի, մեկին ուրախանում են ու արդեն հոգնած են լինում վեցին էլ տոնել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ