Կայացավ «Շրջադարձային հանդիպում» ներկայացումը Հայ Ավետարանչական կենտրոնում

1324

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և Հայ Ավետարանական եկեղեցին երկար տարիներ է, ինչ համագործակցում են, և արդեն 17 տարի է նրանք՝ «Հայասա» թատերախմբի հետ միասին հանդես են գալիս բազմաթիվ թատերական ներկայացումներով:

Ապրիլի 8-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական կենտրոնում Հարության տոնի առթիվ կայացավ «Շրջադարձային հանդիպում» թատերական ներկայացման պրեմիերան, որին հաջորդեցին ապրիլի 9-ի ևս երկու ցուցադրությունները: Ներկայացման ստեղծման մեջ իր ջանքերն էր ներդրել բեմադրիչ Նունե Աբրահամյանը:

Բեմադրության գործողությունները ծավալվում են Քրիստոսի խաչելության նախօրեի իրադարձությունների ժամանակահատվածում, որի գործող անձիք ականատես են լինում Քրիստոսի տառապանքներին, խաչելությանն ու Նրա հրաշափառ հարությանը:

«Չնայած այն փաստին, որ սցենարը մեծամասամբ հորինվածք է, սակայն այն զուգադրված է Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության հետ: Այն նպատակաուղղված է հանդիսատեսին ավելի վառ պատկերացում տալու , թե իրականում, որն էր Քրիստոսի մահվան և հարության էությունը: Եվ ինչպես մեր բոլոր միջոցառումները այս մեկն էլ իր մեջ դաս է պարունակում՝ ուղղված ժողովրդին, որպեսզի մարդիկ խորապես վերապրեն,որ Հիսուսը կենդանի է այսօր, նա կարող է ընկեր դառնալ յուրաքանչյուրի համար և գործում է ամեն հավատացողի կյանքում: Այդ ներկայացումը կոչ է անում, որպեսզի մարդիկ դիմեն Հիսուսին, կանչեն Նրան՝ իրենց կյանքերում փոփոխություն բերելու համար»,- Մեզ հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը:

Ներկայացման ստեղծման, սցենարի պատրաստման վրա ամիսներ շարունակ աշխատանք էր տարվել անձնախմբի կողմից, որտեղ իր ներդրումն է ունեցել նաև վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը:

«Թատերական ներկայացման միջոցով մարդկանց փորձում ենք հասցնել քրիստոնեական մեր հավատալիքներն ու համոզմունքները, որպեսզի դիտողը բեմական խաղից և լավ դերակատարումներից տպավորված լինելուց բացի դահլիճից հեռանա հարցերով, որոնք կանդրադառնան իրենց կյանքի որակի, արժեքային համակարգի և հավատքի խորը հիմքերի վրա: Մեր նպատակն է մարդկանց ուղորդել դեպի այն հանդիպումը, որը ինչպես ներկայացման հերոսների համար, այնպես էլ իրանց համար կդառնա շրջադարձային»:

Մեզ հետ նաև իր տպավորություններով և հույզերով կիսվեց ներկայացման գլխավոր դերակատար Զոհրաբ Պեկյանը, ով մարմնավորում էր Հիսուսի կերպարը.

«Մարդկայնի տեսակով կարծում եմ փոքր-ինչ սառը անձնավորություն եմ, ինչը չի
համապատասխանում Հիսուսի կերպարին, այդ պատճառով Նրա կերպարը
մարմնավորելով՝ փորձեցի հնարավորինս անել, որպեսզի միայն ջերմություն հաղորդեմ դերասաններին, ում հետ խաղում էի, և որ այդ ջերմությունը փոխանցվեր նաև մարդկանց: Մեղավոր մարդ լինելով՝ հաճախ նման դերով հանդես գալու համար
մեզ անարժան ենք կարծում, սակայն Աստծո Խոսքն ասում է, որ Աստված մեզ, Իր պատկերով ստեղծելով, արժանացրեց լինել Իր որդիները, ինչը մեծ ուրախությունով եմ նշում, և հենց այս միտքը ինձ օգնեց այս մեծագույն դերով հանդես գալու համար, ինչպես նաև այն միտքը, որ կարող եմ միջոց դառնալ, որպեսզի Աստված խոսի շատ մարդկանց սրտերի հետ»:

Պատրաստեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ