Համատեղ հայտարարություն

319

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-Ը ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ 1915-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպությունների և հաստատությունների անունից մենք ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի համատեղ գործողությունը, այն է՝ իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հարցապնդում հղելը:

Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայացնելու գործընթացում, որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը:

Ընդգծվում է, որ խախտումների վերաբերյալ նշված փաստաթղթում շարադրված պնդումները վերագրվում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնության վրա 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձությունների և այդ բնակչության նկատմամբ առաջացած հետևանքների առումով:

Հարցապնդումը մտահոգություն է հայտնում թուրքական պետության ժխտողական դիրքորոշման, որոշ արտահայտությունների վերաբերյալ կարծիք ունենալու և արտահայտելու ազատությունը սահմանափակող օրենսդրության, ինչպես նաև զանգվածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահվան հանգեցրած 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանության առնչությամբ ճշմարտության հաստատման և արդարադատության ապահովման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Այն նաև ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատվության վրա։

Դիմող կողմերը միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ, մասնավորապես.

1. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի կողմից իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը, ըստ հնարավորինս, հայտնաբերելու համար:

4. Տեղեկատվություն տրամադրել 2017 թվականին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:

5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:

Թուրքիայի կառավարությունը 2019 թվականի մայիսի 17-ին կտրականապես հրաժարվել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգերի:

Մենք բարձր ենք գնահատում Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի և երկու հատուկ զեկուցողների կողմից ՄԱԿ-ի այդ ընթացակարգերի գործադրումը և մեր աջակցությունն ենք հայտնում սույն աննախադեպ և նշանակալից գործընթացին հետամուտ լինելու ձեռնարկումին:

Չնայած նրան, որ այս գործընթացը չի փոխարինում ցեղասպանության ճանաչմանը կամ նշված ժամանակահատվածում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով հայերի կրած կորուստների, այդ թվում նրանցից բռնազավթված գույքի լրիվ և համարժեք հատուցմանը, այնուհանդերձ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան մարմինների գործողությունները էական առաջընթաց են ճշմարտության բացահայտման և մարդկությանը հասցված այդ բաց վերքի դիմաց հատուցման ճանապարհին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոս (Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն)
Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ – Ն. Օ. Ս. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոս (Բեյրութ, Լիբանան)
Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ (ԱՄՆ)
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ԱՄՆ)
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն (ԱՄՆ)

ՄԱԿ-ի մարմինների Համատեղ հարցապնդման ամբողջական տեքստը՝ այստեղ։

Մեկնաբանություններ