«Հայրենիքի բույրը». համերգ Արմավիրի Մշակույթի տանը

187

Հունվարի 26-ին Արմավիրի Մշակույթի տանը տեղի ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երգչախմբի՝ «Հայրենիքի բույրը» խորագրով համերգային ծրագիրը, որին իր աջակցությունը ցուցաբերեց նաև Արմավիրի քաղաքապետարանը:

Համերգին ներկա էին Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ, երաժշտական դպրոցի ուսուցիչներ, արվեստի քոլեջի դասախոսներ, բժիշկներ, մտավորականներ և Արմավիրի պատվավոր քաղաքացիներ:

Քսան տարի է անցել այն օրից, երբ ԱՀԱԸ «Շողիկ» մանկական երգչախումբը առաջին անգամ ելույթ ունեցավ Արմավիրի Մշակույթի տան բեմից: Շատ բան է փոխվել այդ քսան տարում, բայց անփոփոխ է մնացել սերը… Աստծո և հայրենիքի առաջ ակնածանքը:

Այսօր կարող ենք վկայել` «ամեն բարի սերմ իր պտուղն է տալիս, բայց երանի նրանց, ովքեր հոգ տարան, ջրեցին և խնամեցին այդ սերմը:» Խորհրդանշական էր այդ օրը, որովհետև համերգը պատրաստել էին «Շողիկ» երգչախմբի  քսան տարվա անփոփոխ ղեկավար` մեներգչուհի Մարետա Անտոնյանը և նրա առաջին սաներից մեկը` Արմեն Ավետիսյանը:

Ուսուցիչ և աշակերտ, նրանցից յուրաքանչյուրն անցել է հավատքի և ծառայության իր ուղին: Այսօր մեկը ղեկավարում է ավետարանական, մյուսը` առաքելական եկեղեցիների հոգևոր երգչախմբերը: Տարիներ անց նրանք դարձյալ միասին են, վկայելու, որ մենք ունենք մե՛կ հավատք, մե՛կ մշակույթ, մե՛կ հայրենիք: Վկայելու, որ Աստծո և ճշմարտության սերը չի բաժանում, այլ միացնում է: Վկայելու ավետարանի այն ճշմարտությունը, որ կարելի է լինել աղքատ, բայց հարստացնել շատերին: Վկայելու, որ երանելի է տալը, քան առնելը: Վերցրեք նրանց և իրենց տաղանդավոր ընկերների սերը…

Համերգի ավարտին խմբի գեղարվեստական ղեկավար, Արամավիրի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվ Վեր. Գարուշ Անտոնյանն իր խոսքը ամփոփեց հետևյալ խոսքերով. «Վերցրե՛ք և հարստացե՛ք, վերցրե՛ք և շնչե՛ք… շնչե՛ք այդ բույրը, հայրենիքի բույրը… Վերցրե՛ք և այստեղից ձեզ հետ տարեք սեր, տարե՛ք և հարստացրե՛ք նաև մյուսներին…»:

Աղբյուրը՝ amaa.am

Մեկնաբանություններ