Հավատարիմ շունը

1134


Մի ամուսնական զույգ մի քանի տարի երեխա չէր ունենում:

 Իրենց միայնակ չզգալու համար ամուսինները գերմանական հովվաշան ձագ գնեցին: Նրանք շատ սիրեցին իրենց շնիկին: Խնամում էին, դաստիարակում՝ սեփական որդու նման: Շնիկը մեծացավ, դարձավ գեղեցիկ, ուժեղ ու խելացի շուն: Նա նույնպես սիրում էր իր տերերին, հավատարիմ էր ու պահպանում էր նրանց: Քանի՜ անգամ նա փրկեց իր տերերի ունեցվածքը գողերից: 

Երբ շունը յոթ տարեկան էր, ամուսինները վերջապես զավակ ունեցան: Ծնողներն անսահման երջանիկ էին: Նրանք երեխային էին տրամադրում իրենց համարյա ողջ ժամանակը, իսկ շանը բոլորովին ուշադրություն չէին դարձնում: Շանը դա իհարկե դուր չէր գալիս: Նա իրեն անպետք էր զգում:

Մի անգամ ծնողները տանն էին թողել քնած երեխային, իսկ իրենք բակում խորոված էին պատրաստում: Եվ երբ ուզեցին վերադառնալ երեխայի մոտ, երեխայի սենյկակից պոչը բարեկամաբար թափահարելով դուրս եկավ շունը՝ արյունոտ երախով:

Հայրը, ենթադրելով, որ կատարվել է վատթարագույնը, պատից իջեցրեց որսորդական հրացանը և անմիջապես գնդակահարեց շանը: Հետո վազեց երեխայի ննջասենյակ ու տեսավ, որ երեխան անվնաս խաղում է իր օրորոցում: Իսկ օրորոցի մոտ գետնին ընկած էր հսկա թունավոր օձի պատառոտված դին:

«Ես սպանեցի իմ հավատարիմ շանը»,- արցունքն աչքերին ողբաց հայրը:

Որքա՜ն հաճախ ենք մենք անարդար դատում մարդկանց մասին: Ու ցավալին այն է, որ մենք դա անում ենք առանց մտածելու, առանց իմանալու մարդկանց արարքների իրական պատճառները: Չենք էլ մտածում, որ վաղը կարող ենք զղջալ մեր մտքերի, մեր դատապարտության համար:

Ուրեմն եկեք այսուհետև որևէ մեկին դատապարտելուց առաջ հիշենք հավատարիմ շան առակը:

Մեկնաբանություններ