Հավատքի սկզբունքը

1559

«Ի՞նչ օգուտ եղբայրներս, եթե մեկը ասի, թե հավատք ունի ու գործ չունենա… Տեսնու՞մ ես, որ Աբրահամի հավատքը գործակցեց նրա գործերին ու այն գործերով հավատքը կատարելագործվեց» (Հակ. 2:14,22):

Հավատքի սկզբունքը շատ պարզ է՝ սրտով հավատում ենք Աստծո խոսքին, դավանում ենք այն բերանով և վարվում համապատասխան այդ հավատքի ու դավանության: Այսինքն՝ մենք խոսում և վարվում ենք այնպես, ինչպես հավատում ենք, որ այն կատարված է, քանի որ հոգևոր իրականության մեջ այն իսկապես արդեն կատարված է. «Քանի որ հավատքով ենք քայլում ու ոչ թե երևույթով» (Բ Կոր. 5:7):

Հիմնականում հավատացյալների մեծ մասը հենց այս կետում են ձախողվում, քանի որ իրենց քայլերը չեն համապատասխանեցնում իրենց հավատքին ու դավանությանը:

«Բայց խոսքը կատարողներ եղեք, և ոչ թե միայն լսողներ, ինքներդ ձեզ խաբելով» (Հակ. 1:22):

Ոմանք կարծում են, թե «խոսքը կատարել», նշանակում է պահել պատվիրանները, սակայն Տեր Հիսուսը մեզ միայն մի պատվիրան տվեց՝ «սիրո պատվիրանը», որովհետև ընկերոջը սիրողը օրենքն է կատարում և հենց սերն է հանդիսանում օրենքի կատարումը (Հռ. 13:8-10):
Հակոբոս առաքյալը խոսում է հավատքի գործերի մասին, այսինքն Աստծո խոսքը, որին մենք հավատում ենք և դավանում, որպեսզի դրա համապատասխան հավտքի գործերով, հավատքի այդ Աստծո խոսքերը իրականություն դարձնենք :

Եթե Աստծո խոսքը ասում է, որ մեր հին մարդը Նրա հետ խաչվել է (Հռ. 6:6), մենք հավատքով այդպես էլ դավանում ենք և մեր անձը հավատքով մեղքին մեռած համարելով (Հռ. 6:11), որպես մեռելներից կենդանացած, մեր անդամները հավատքով ընծայում ենք Աստծուն, որպես արդարության գործիքներ (Հռ. 6:13):

Նույնպես, եթե հավատում ենք, որ Աբրահամի օրհնությունը մերն է (Գաղ. 3:14), հավատքով այդպես շարունակ դավանելով վարվում ենք, ինչպես Աստծո օրհնված որդիներ՝ հավատարիմ լինելով տասանորդի և ընծաների մեջ (Մաղ. 3:10), նաև օրհնում ենք ուրիշներին, այսինքն քայլում ենք հավատքով՝ հավատքի գործերով հող ենք պատրաստում Աստծո գերբնական դրսևորումներին մեր կյանքում: Եւ չկա այդպիսի բան, որ հավատքը չաշխատի, չկա այդպիսի բան, որ Աստծո խոսքը չաշխատի, եթե այն ճիշտ ենք կիրառում:

Լևոն Սարդարյան

Մեկնաբանություններ