Հնազանդվել իշխանությունների՞ն, թե՞ Աստծուն

2040
HH_Sahmanadrutyun

Երկիրը եռում է հանրաքվեի քարոզչության կաթսայում:

Կաթսայի մեջ են լցվել Այո-ի և Ոչ-ի կողմնակիցներն ու եփվում են համատեղ: Թե ինչ ապուր կստացվի, կերևա հանրաքվեի արդյունքում:

Կմասնակցե՞նք արդյոք ճոխ ճաշկերույթին, թե՞ «քաղցած կմնանք ճոխ սեղանի շուրջ»: Հայտնի չէ:

Բայց առայժմ եփվում ենք:

Այս համընդհանուր եռուզեռի մեջ քրիստոնյաները բաժանվել են երեք խմբի: Նկատի չունեմ «առաջին քրիստոնյա ազգի» բոլոր ներկայացուցիչներին: Նկատի ունեմ նրանց, ովքեր ջանում են ապրել և առաջնորդվել Աստծո Խոսքով՝ Աստվածաշնչով:

Քրիստոնյաների մի խումբը պնդում է, որ քաղաքականությունն իրենց գործը չէ: Քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքագետները: Իսկ իրենց գործը աղոթելն է և իրենք սրբորեն կատարում են այն:

Երկրորդները, առաջնորդվելով Հռոմեացիների 13:1-ով, որոշել են հնազանդվել իշխանություններին, «որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», և, քանի որ իշխանությունները դա են պահանջում, ապա հնազանդորեն քվեարկելու են ի օգուտ Այո-ի:

Երրորդների մասին՝ հոդվածի վերջում: Իսկ առայժմ անդրադառնանք առաջիններին ու երկրորդներին:

Իհարկե, հավատացյալի գործունեության կարևորագույն մաս են կազմում աղոթքները: Բայց արդյո՞ք աղոթել՝ նշանակում է հեռու մնալ քաղաքակնությունից: Մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվեր Իսրայելի ժողովրդի հետ, եթե Մովսեսը սահմանափակվեր աղոթքներով և չգնար բանակցելու փարավոնի հետ: Արդյո՞ք իրավացի կգտնվեր Դավիթը, եթե տեսնելով Գողիաթին, գնար տուն ու աղոթեր Գողիաթի համար, որպեսզի նրա սիրտը կակղի ու այլևս չհայհոյի Աստծո ժողովրդին:

Հիշենք նաև Դանիելին, Նեեմիային, Եզրասին, Եսթերին

Ի՞նչ ճակատագիր կունենար քրիստոնեությունն ընդհանրապես, եթե Հիսուսն ու առաքյալները համարձակորեն չկանգնեին թագավորների ու իշխանավորների առաջ ու չքարոզեին Աստծո Արքայությունը:

Կասկած չկա, որ աղոթքը հավատացյալի կարևոր ու հզորագույն զենքն է ամեն տեսակ պայքարում, բայց աղոթքն ու հավատքը չեն կարող արդյունքի հասնել, եթե չեն ամրապնդվում գործերով (Հակ.2:17):

Եթե քրիստոնյան պարփակվի ինքն իր մեջ կամ դուրս չգա եկեղեցու պատերից, ապա ո՞վ է քաղաքական շրջաններում տարածելու Բարի Լուրը, ո՞վ է քարոզելու Տիրոջ կամքը, ո՞վ է արդարություն պահանջելու: Օլիգարխնե՞րը: Դատավորնե՞րը: Ավետարանական քրիստոնյաների դեմ պայքարող քահանանե՞րը…

Այո, քաղաքականությունը չպետք է ներխուժի եկեղեցի: Դա անթույլատրելի է: Բայց քրիստոնյան լիովին իրավունք ունի (և պարտավոր է) այս կամ այն չափով մասնակցելու քաղաքական գործընթացներին՝ ջանալով դրանք ուղղորդել դեպի Աստծուն հաճելի շավիղներ:

Իսկ հիմա քրիստոնյաների երկրորդ խմբի ու նրանց «հնազանդության» մասին: Մի՞թե հնազանդ լինել իշխանություններին՝ նշանակում է ի կատար ածել նրանց բոլոր ցանկությունները, անգամ եթե դրանք հակառակ են Աստծո Խոսքին: Իհարկե՝ ոչ:

Հռոմեացիների ուղերձի վերը նշված հատվածի (Հռոմ.13:1) ջատագովները մշտապես անտեսում են նույն գլխի  շարունակությունը՝ «Իշխանավորները ոչ թե բարի գործերի համար են ահաբեկում, այլ չար գործերի», «…նա Աստծո պաշտոնյա է քեզ համար՝ ի բարություն քո», «…նա սուր է կրում որպես Աստծո պաշտոնյա, նա վրեժխնդիր է լինում չարագործից»: Պողոս առաքյալը հստակ նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի իրական իշխանավորը, որ Աստծուց է:

Արդյո՞ք մերօրյա իշխանավորներն այդպիսին են:

Իսկ եթե իշխանավորը հովանավորում է չարագործին և պատժում է բարի գործողի՞ն: Իսկ եթե իշխանավորը ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մամոնային: Իսկ եթե իշխանավորը չի կարողանում (կամ չի ցանկանում) որևէ քայլ կատարել «ի բարություն քո»: Իսկ եթե իշխանավորը Աստծո արդարությունը չի գործո՞ւմ:

Իսկ եթե իշխանավորը մի սահմանդրություն է առաջարկում, որի 37-րդ հոդվածը խիստ հակառակ է Աստծո կամքի՞ն: Այս չարաբաստիկ հոդվածով սահմանափակվում է ծնողների աստվածաշնչյան իրավունքը և ծնողները զրկվում են զավակներին խրատելու, հորդորելու, չար արարքներից ետ պահելու, անհրաժեշտության դեպքում՝ պատժելու հնարավորությունից: Զավակներն, ընհակառակը, իրավունք են ստանում պատիժ պահանջել իրենց խրատող ծնողների համար: Պետությունն էլ իրավունք է ստանում զավակին առնել ու տանել «անիրավ» ծնողներից:

Առաջարկվող սահմանադրությունում առկա են նաև այլ հոդվածներ, որոնք հակառակ են Աստծո կամքին կամ հասարակության բնականոն կառավարման սկզբունքներին:

Մի՞թե այս դեպքերում էլ քրիստոնյան պարտավոր է հնազանդվելու իշխանավորի կամքին…

Քրիստոնյաներն այս իրավիճակում կանգնած են ընտրության առջև. եթե իշխանությունների կամքը հակառակ է Աստծո կամքին,  ապա ո՞ւմ կամքը պետք է կատարեն՝ իշխանավորների՞, թե՞ հենց Իր՝ Տեր Աստծո: Պատասխանն ակնհայտ է:

Հոդվածի սկզբում խոստացել էի խոսել երրորդ խմբի քրիստոնյաների մասին: Դրանք այն քրիստոնյաներն են, ովքեր որոշել են հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե իշխանավորներին: Նրանք դեմ են ցանկացած օրենքի կամ սահմանադրության, որը հակասում է Աստծո Խոսքին:

Այլ մոտեցում չի կարող լինել:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ