Մնա՛ տանը, սպասի՛ր լավ լուրերի

453

Նոյի ընտանիքը 40 օր և 40 գիշեր ինքնամեկուսացել էր տապանում։

Այդ համաշխարհային աղետի և վերահաս փորձանքի ժամանակ Նոյը հասկացել էր, որ իր ընտանիքի համար աշխարհի ամենաապահով վայրը տապանում ինքնամեկուսացումն էր։ Այդ ճգնաժամային օրերին տապանում չկային ապակեպատ պատուհաններ, չկար հեռախոս, համացանց, Յություբ և Ֆեյսբուք։ Միակ ձայնը, որ գալիս էր դրսից, անձրևի և ամպրոպի ձայնն էր։ Իսկ թե ինչ ձայներ էին գալիս ներսից, դժվար չէ կռահել։

Նոյը հասկացել էր, որ տապանից դուրս ապահովություն չկար։ Միակ զբաղմունքը, որ ունեին աղոթելն էր, հուսալը և հավատալը, որ ամեն բան լավ կլինի։ Աստված հոգաց Նոյի ընտանիքի կարիքը և պահպանեց նրանց այնքանով, որքանով որ նրանք կատարեցին Աստծու հրահանգներն ու խոսքը։

Եվ երբ մի օր անձրևը դադարեց, ավետաբեր աղավնին բարի լուր բերեց տապան և երկնակամարը զարդարվեց Աստծո ուխտի և բարեհաճության ծիածանով, Նոյը հասկացավ, որ անգամ ամենամռյալ ու ամպամած օրերից հետո նորից ծագելու է արգեկակը, նորից լցվելու է մարդկության կյանքը խինդով և խաղաղությամբ։

Նոյն այսօր մեզ մի քանի դաս ունի սովորեցնելու.

  • լինել հնազանդ Աստծո հորդորներին և խոսքին,
  • լինել զգուշավոր,
  • լինել համբերատար,
  • լինել լավատես։

Փոթորիկները մի օր կհանդարտվեն, ու կծագի մեզ վրա Արդարության Արեգակը՝ իր հուսատու ճառագայթներով ցրելով հուսահատության և վախի մահաբեր ամպերը։

Իսկ նահապետը մի բան մեզ կավանդեր այս օրերին.
«Մնա՛ տանը, պահպանի՛ր անվտանգության կանոնները և դուրս արի միայն ա՛յն ժամանակ, երբ ավետաբեր աղավնին կազդարարի աղետի ավարտը»։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ