Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը

146

BBC-ի տեղեկացմամբ`Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոցում մահացել է  մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահը, ով մարմնով ծածկել էր քրիստոնյա ուղևորներին «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինների հրազենային կրակոցներից:

Նախորդ տարվա դեկտեմբերին Քենիայի Մանդերա քաղաքում իսլամիստները  հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները  մուսուլման ուղևորներին կոչ էին արել առանձնանալ, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել էին: Գրոհայինները կրակել էին և Սալահ Ֆարահը ծանր վիրավորվել էր: Նրան տեղափոխել էին Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մեկ ամիս անց մահացել է:

Հիվանդանոցում Ֆարահի հետ զրուցել էր BBC-ի լրագրողը: Հարցազրույցի ժամանակ նա պատմել էր. «Գրոհայինները մեզ ասեցին, եթե մուսուլման եք, ապա անվտանգության մեջ եք: Մուսուլման ուղևորներին կարգադրեցին առանձնանալ, սակայն մենք հրաժարվեցինք և հայտարարեցինք. «Կամ բոլորիս սպանեք կամ էլ մեզ հանգիստ թողեք»: Լրագրողի այն հարցին, թե ինչու է իր կյանքը վտանգելով պաշտպանել քրիստոնյաներին,  Ֆարահը ասել էր. «Մարդիկ պետք է ապրեն միասին, խաղաղության մեջ: Մենք եղբայրներ ենք, ուղղակի մեր կրոններն են տարբեր: Ես խնդրում եմ իմ եղբայր մուսուլմաններին, որ հոգ տանեն քրիստոնյաների նկատմամբ, որպեսզի քրիստոնյաներն էլ  հոգ տանեն մեզ համար: Պետք է օգնենք միմյանց և խաղաղ ապրենք»:

Սալահ Ֆարահի մահից հետո Նայրոբիի ոստիկանապետը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Ֆարահին հերոս էր անվանել:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ