Շնորհավորական ուղերձներ Protestant.am կայքին

2479
pro

Protestant.am կայքի  երկամյա տարեդարձին նվիրված տոնական ցերեկույթի ընթացքում հյուրերի կողմից հնչած շնորհավորանքները:

ԱՀՔ «Միաբանության» մամլո  խոսնակ, էջմիածին քաղաքի «Էմմանուէլ» եկեղեցու հովիվ Արման Մանուկյան

manukyan

Protestant.am-ի 2-ամյակը իրադարձություն է հայկական հոգևոր աշխարհում, հայալեզու ինտերնետում: Որպես Crossnews.am-ի համահիմնադիր ուզում եմ հայտնել, որ երբ Protestant.am-ը ծնվեց, մենք ուրախացանք: Մենք ապրում ենք նոր հասարակության մեջ. աշխարհը մարդկանց տանում է դեպի վիրտուալ կյանք, և քրիստոնյաները գործ ունեն անելու այդտեղ: Մեր օրհնությունները Protestant.am-ին, թող որ Տերը իմաստություն տա, Աստծո Խոսքի սուրը ձեր ձեռքերում կտրուկ լինի, որպեսզի կարողանաք Նրա խոսքը հասցնել մարդկանց սրտերին:

«Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ` Արմեն Լուսյան

lusyan

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու կողմից, հովիվ Արթուր Սիմոնյանի անունից, եկեղեցական բոլոր կայքերի խմբագրական աշխատակազմի կողմից սրտանց շնորհավորում եմ Protestant.am-ին իր 2 ամյակի կապակցությամբ: Մեր առօրյայում, որքան տարբեր միջոցառումներ և տոնախմբություններ են լինում, սակայն չգիտեմ,թե դրանցից քանի տոկոսն է օգուտ բերում հասարակությանը, և ես ուրախ եմ, որ կարող ենք նշել նաև քրիստոնեական կառույցների ստեղծումը, որովհետև ես համոզված եմ, որ այն գործունեությունը, որ Protestant.am-ն է իրականացնում՝ իր մյուս գործընկեր քրիստոնեական լրատվական հաստատությունների հետ միասին, մեծ օգուտ է բերելու հասարակությանը՝ հավաքական առումով:

Ինչպես նաև ցանկանում եմ նշել, որ մեր հասարակության բարօրության համար շատ կարևոր է միջեկեղեցական, քրիստոնեական լրատվության մեջ կամուրջների կառուցումը, որոնք պետք է ծառայեն փոխադարձ հասկացողության, երկխոսության, և ես չեմ ուզում սահմանափակվել միայն հայ բողոքական եկեղեցով, այլ ամբողջ համայնապատկերը՝ ներառելով նաև հայ-առաքելական եկեղեցին, որպեսզի մենք ավելի մեծ կամուրջներ կարողանանք կառուցել, իսկ այսպիսի լրատվական կառույցները նպաստում են փոխադարձ հասկացողությանը ու համագործակցությանը: Շնորհավորում ենք ու ցանկանում, որ Աստված ընդարձակի ձեր վրանի սահմանները, մեծացնի ձեր ազդեցության շրջանակները և տա ավելի լայն հնարավորություններ ու ռեսուրսներ:

Արթուր Իսպիրյան` Բիբլիական Միավորում Կրթամշակութային ՀԿ-ի (Աստվածաշնչային Լիգա) ներկայացուցիչ:

ispiryan

Մեր իրականության մեջ լրատվական դաշտը սովորաբար լի է ապատեղեկատվությամբ և այն ներդրումը, որ ունեցել է հայ-բողոքականությունը հայազգի մշակույթի, պատմության, կրթության բնագավառում, կարծես թե երբեք չի հիշատակվում: Եվ Protestant.am-ի ներդրումը այնքանով է մեծ, որ փորձեց լուսաբանել և փորձեց ի հայտ բերել հայկական բողոքականության արժեքները:

Կցանկանամ մեջբերել մեր հայ դասականներից Րաֆֆիի խոսքը. «Բողոքական, լուսավորչական և առաքելական հայ լինելը մեզ չի դադարեցնում հայ լինելուց»: Շնորհակալություն Գոռ Կարապետյանին նախաձեռնության համար, որովհետև Protestant.am-ը ավելի ընդլայնվեց, որի շնորհիվ հնարավորություն ունենք տեղեկանալու ամբողջ քրիստոնեական աշխարհից: Աստվածաշնչյան Լիգա կազմակերպության անունից սիրով շնորհավորում եմ, թող Աստված ձեզ օրհնի և ավելի կատարելագործի:

Իր խոսքով հանդես եկավ Հայաստանի «Նոր կյանք» միության նախագահ Վարդան Բլբուլյանը, ով իր ծննդյան օրը ներկա էր գտնվել, որպեսզի շնորհավորեր նաև Protestant.am-ին՝ տարեդարձի առթիվ:

blbulyan

Լինելով կայքի ակտիվ ընթերցողներից մեկը և չլինելով այս համայնքի ներկայացուցիչ՝ ուզում եմ ասել, որ մեր հասարակությունում շատ կարևոր է այլակարծության, հանդուրժողականության բարձրացումը: Մաղթում եմ ձեզ, որպեսզի ուղիղ լինեք, զերծ՝ ամեն տեսակ ազդեցությունից, ուրախ կլինեմ միշտ տեսնել այնպիսի տեղեկատվություն, որն իրական է, որն օգնում է մեզ տեսնել ու հասկանալ ճշմարտությունը:

Լինելով Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ շատ եմ սիրում կարդալ, տեսնել, հասկանալ ձեր լրատվությունը ու ինձ հատկապես գրավել է ձեր երիտասարդների շատ ակտիվ լինելը: Փառք Աստծուն, որ ձեզ չեն կարողանում կաշկանդել լինել ուղիղ, խոսել ճշմարիտը և երբեք չամաչել: Այսօր մեր ժողովուրդը ունի հույսի կարիք, ու հավատում եմ, որ դուք ձեր գործունեությամբ կօգնեք շատերին վերադարձնել իրենց հույսը, ճանաչեցնել Քրիստոսի հետ: Թող Աստված այնպես զորացնի ձեզ, որ ճշգրտորեն տաք այն ինչի կարիքն այսօր ունի մեր հասարակությունը:

Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու ավագ hովիվ Տիգրան Թադևոսյան:

tadevosyan

Շնորհավորում եմ Protestant.am-ին, որն իմ կարծիքով մեր բոլորի այգին է, որտեղ տնկված են բազմապիսի պտղաբեր ծառեր: Մեր ավետարանական ընտանիքի եկեղեցիները և ամենքս այստեղ տեսնում ենք ուրախանալու առիթ, քանի որ կարծում եմ, որ մեր այգին արդեն սկսել է ստանդարտ պտուղներ տալ: Ինչպես գիտեք այգու պտուղ տալը ինքնանպատակ չէ, այլ նպատակն այն է, որ արտադրանքը կարողանանք հասցնել և տալ սպառելու՝ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ստանդարտներին համապատասխանող ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայի ամենաբծախնդիր սպառողին:

Այս ոլորտը, հանձինս Protestant.am-ի, ունի ոչ միայն տեղեկատվական, այլև լուսավորչական գործառույթ: Ինչպես գրված է, որ գետեր, որոնք բխում են մեր ներսից, որոնք ունեն երկնային ակունք, թող լցվեն ծովը, որը ժողովուրդն է և մնացած լրատվական կառույցները, որպեսզի ծովի ջրերը քաղցրանան: Իմ մաղթանքն է, որպեսզի դուք լինեք աղ և լույս աշխարհի համար, որպեսզի գործեք ոչ միայն ներքին շուկայի համար, այլ ընդլայնեք ձեր սահմանները և շարժվեք դեպի արտաքին շուկա, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարդիկ:

Իր շնորհավորական խոսքով ու երգով Protestant.am կայքի խմբագրակազմին ողջունեց նաև ArmGospelRadio ռադիոյի հիմնադիր, երգիչ-ավետարանիչ Աբրահամ Տաշչյանը:

tashchyan

Մեկնաբանություններ