Շնորհքի պսակը. Տիգրան Թադևոսյան

428

«Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. Միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը։ Լսիր, որդյակս, քո հոր խրատը, և մի մերժիր քո մոր հրահանգը: Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին»: Առակ.1:7-9:

Հոգևոր աշխարհում հայրը Աստվածն է, իսկ մայրը՝ եկեղեցին: Աստված չի առանձնացնում Իր եկեղեցին Իրենից: Դու քո կյանքի բոլոր ոլորտներում իմաստության կարիք ունես: Դա այն իմաստությունն է, որը տալիս է Աստված, որը գալիս է երկնքից՝ եկեղեցու միջոցով:

Իմաստությունը ինֆորմացիայի առատությունը չի: Առաջին դարերում մարդկանցից շատերը գրագետ չէին, չունեին ինֆորմացիայի այնպիսի աղբյուրներ, ինչպես հիմա: Նրանց իմաստությունն այն էր, որ նրանք եկեղեցում էին: Դա այն իմաստությունն է, որ աշխարհը չունի: Մարդկանց խնդիրներն ու կոնֆլիկտները իմաստության պակասից են: Իսկ իմաստության սկիզբը Աստծո վախն է: Այս վախն ընդհանուր ոչինչ չունի մեր իմացած վախի հետ: Այն հարգանք է, պատիվ է Աստծո նկատմամբ: Դա նաև հարգանք է նրանց նկատմամբ, ովքեր դրված են Աստծո կողմից:

Իմաստությունը գալիս է խրատի միջոցով: Իմաստուն մարդը սիրում է խրատը, իսկ անմիտը խուսափում է խրատից:

«Որդուն չպատվողը Հորն էլ չի պատվում, որ ուղարկեց Նրան»: Հովհ.5:23:

Պատվելը հենց հարգանքն ու երկյուղն է: Ընդունելով Հիսուսին՝ ընդունում ենք Աստծուն: Փրկությունը գալիս է Հիսուսի միջոցով: Դառնալով Հիսուսին՝ դառնում ենք Աստծուն:

Եթե սիրում ես Աստծուն, վախենում ես Աստծուց, ուրեմն պիտի սիրես նաև նրանց, ովքեր ներկայացնում են Աստծուն: Հնարավոր չէ սիրել Աստծուն, բայց չսիրել Նրան ծառայողներին, Նրա նվիրյալներին:

«Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն և իր եղբորն ատի, նա ստախոս է»: 1 Հովհ.4:20:

Եթե հարգանք ու երկյուղ չունես եկեղեցու առաջնորդի նկատմամբ, դրանով վնասում ես ոչ թե իրեն, այլ ինքդ քեզ: Իսկ խրատն ընդունելով դու խոնարհության միջոցով իմաստություն ես ձեռք բերում: Աստծո վախը ոչ թե խեղճացնում ու զրկում է ազատությունից, այլ ընդհակառակը՝ ազատություն է բերում մարդուն: Եթե քո մեջ կա հպարտություն, արհամարանք, մեծամտություն, ազատվի՛ր դրանցից, դրանք խոչընդոտում են իմաստությանը:

Եթե դու Աստծուն հնազանդ ես, սիրում ես խրատը, ունես Աստծո վախը, Աստված քո գլխին շնորհքի պսակ է դնելու: Իսկ սատանան ձգտում է անարգանքի պսակ դնել Աստծուն ծառայողների գլխին: Հիսուսը քո փոխարեն կրեց այդ փշե պսակը, որպեսզի դու ծառայես Աստծուն և արժանանաս շնորհքի պսակին:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ