Ո՞վ կարող է գնահատել ինձ ու քեզ

369

Նկատե՞լ եք, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր սիրում են բոլոր առիթներով գնահատական տալ ամեն ինչին, ամեն մեկին:

Գնահատական են տալիս մարդուն, նրա արարքներին, արվեստին և այլն: Խոսում են անկախ նրանից` նրան հարցրե՞լ են այդ մասին, թե՞ ոչ, չնկատելով անգամ, որ իր կողքին կանգնածներն ավելի հեղինակավոր են այդ հարցում:

Ես ճանաչում եմ մեկին, ով շտապում է գնահատական տալ անգամ այն անձանց, որոնց հետ ծանոթացել է վայրկյաններ առաջ: Համաձայնվեք, որ ինքներդ անելանելի վիճակում կհայտնվեիք այն պահին, երբ ձեզ մոտենում է քիչ առաջ ծանոթացած մեկը, և առանց ձեր կամքը հարցնելու սկսում բացատրել ձեր արարքների ճիշտն ու սխալը:

Իրականում գնահատական տալիս է տվյալ գործում բանիմաց կամ առավել հեղինակավոր անձը:

Դեռևս դպրոցից կամ ԲՈւՀ-երից մենք գիտենք, որ գնահատական տալու իրավունք ունի միայն դասատուն, դասախոսը, կամ այլ մեկը, ով այդ գործում հեղինակավոր է համարվում: Այսինքն գնահատականը տալու համար նախ և առաջ տվյալ անձը պետք է լինի հեղինակավոր այդ գործում: Հաճախ ինքներս ենք մոտենում որևէ մասնագետի` իր կարծիքն իմանալու խնդրանքով, և այս դեպքում մենք ինքներս ենք դիմացինին խոնարհաբար մղում գնահատական տալու:

Եվ այսպես գնահատական տալու երկու պատճառ կարող է լինել: 1. Երբ քեզ դիմում են տվյալ հարցով և խնդրում, որ օգնես, մի խորհուրդ տաս, կամ գնահատես իրավիճակը: 2. Երբ ինքդ ուղղակի ցանկանում ես ու սկսում գնահատականներ շռայլել, անկախ նրանից, քեզ հարցնու՞մ են այդ մասին, թե՞ ոչ:

1-ին դեպքում, երբ քեզ դիմում են գնահատական տալու խնդրանքով, սա նույնն է, թե քեզ համարում են հեղինակավոր այդ հարցում: Կամ ընդունում են, որ դու ավելին գիտես, քան իրենք: Այս դեպքում գնահատական տալն արդարացի է: 2-րդ դեպքում, երբ առանց որևէ մեկի սպասման ինքդ ես շտապում գնահատական տալ, սա խոսում է այն մասին, որ ինքդ ես քեզ համարում հեղինակավոր, ու մանավանդ այն աստիճանի, որ կարիք չկա սպասել, մինչև քեզ կդիմեն:

Զարմանալին այն է, որ 2-րդ դեպքի, ինքն իրեն հեղինակավոր կարծող մարդիկ, հիմնականում հանդիպում են խոնարհ մարդկանց, ովքեր լուռ (հաճախ նաև ժպիտով) լսում են իրենց դեմ կանգնած ինքնակոչի «խրատները»:

Ինքնակոչ «իմաստունին» թվում է, թե իր գնահատականներից հետո նա բարձրացավ մարդկանց աչքին, որպես մասնագետ, այնինչ հակառակը, նրան ըմբռնումով են մոտենում, գուցե նաև խղճահարությամբ:

Իսկ թե ինչ կարծիք է ձևավորվում դրանից հետո, այդ ինքնակոչի մասին դատեք ինքներդ:

Եկեք զերծ մնանք խրատներ ու գնահատականներ տալուց: Եկեք թույլ տանք, որ նախ շրջապատում գնահատեն մեր իմաստությունը, հետո նոր կսկսենք խոսել` երբ մեզ կդիմեն:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ