Քրիստոնյան և համաճարակը

1584

Վախենա՞լ, թե՞ հաղթել Հիսուսով

Աշխարհը չի դադարում վրդովել մարդկանց սրտերը նորանոր տագնապներով: Նոր թագաժահրը (կորոնավիրուսը) սարսափ է սփռել գրեթե ամբողջ աշխարհում, առաջացրել է ճգնաժամեր, կաթվածահար է արել տնտեսությունը, արդյունաբերությունը, պետություններին կանգնեցրել է անլուծելի խնդիրների և ահռելի ծախսերի առաջ: Իսկ ամենից ցավալին մարդկանց սարսափած սրտերն են:

Թեև Աստվածաշունչը մեզ բազմիցս զգուշացնում է տարատեսակ աղետների ու հիվանդությունների մասին, բայց քննարկե՛նք ոչ թե դրանց պատճառները, այլ առաջին հարցը, որ կարող է առաջանալ քրիստոնյայի մտքում՝ ի՞նչ պիտի անի քրիստոնյան համաճարակի ժամանակ: Պատասխանը հավանաբար հայտնի է բոլոր քրիստոնյաներին՝ անհրաժեշտ է հավատալ, աղոթել, չվախենալ:

Այո՛, անհրաժեշտ է: Իսկ բավարա՞ր է արդյոք:

Հին Կտակարանում կարելի է գտնել բազմաթիվ հորդորներ հիվանդություններից խուսափելու, հիվանդների հետ շփման դեպքում չվարակվելու և ընդհանրապես՝ մաքուր ապրելակերպի մասին: Ժամանակակից բառապաշարով դա կհնչի այսպես՝ Աստվածաշունչը մեզ տալիս է հրահանգներ հիգիենայի պահպանման մասին:

Մաքրության մասին

Բավարարվե՛նք երկու մեջբերումով.

Քավության խորանը մտնելիս և զոհասեղանին մոտենալիս «իրենց ձեռքերն ու ոտքերը լվանան, որ չմեռնեն ու սա իրենց համար հավիտենական կանոն լինի». Ել. 30.20-21:

Ավելի խիստ հորդոր հնարավո՞ր է պատկերացնել՝ չլվացվելու արդյունքը մահն է: Արդյո՞ք Հիսուսով մենք ամեն օր չենք մտնում քավության խորանը, ամեն օր չենք մոտենում զոհասեղանին: Ուրեմն հավիտենական կանոնով չառաջնորդվելու որևէ արդարացում չենք կարող ունենալ, հատկապես համաճարակի այս ծանր օրերին:

Հիվանդների գույքի հետ առնչվելու մասին Գիրքն ասում է. «…յոթ օր արգելքի տակ պահի ախտավոր բանը» (Ղև. 13.50): Եվ հետո շարունակում է. «…քահանան թող հրամայի, որ այդ ախտահար բանը լվանան, և կրկին յոթ օր արգելքի տակ պահի դա» (Ղև. 13.54):

Հատկանշական է, որ այստեղ բացի լվալու պարտադիր պայմանից արգելքը տևում է տասնչորս օր, այնքան, որքան կորոնավիրուսի կարանտինն է: Պատահական զուգադիպությո՞ւն է: Չեմ կարծում:

Նոր Կտակարանը, ինչպես հայտնի է, ավելի շատ անդրադառնում է հոգևոր հիգիենային: Սակայն այստեղ նույնպես հանդիպում ենք մեր մարմինների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորության ապացույցների:

«Ի՞նչ, դուք չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեր մեջ է, որն Աստծուց ունեք ձեր մեջ, և դուք ձեր տերը չեք». 1 Կոր. 6.19:

Հետևաբար ինչպե՞ս կարելի է անփույթ լինել Սուրբ Հոգու տաճարի նկատմամբ, որի Տերը Աստված է:

Կարող եք հակադարձել, թե Հիսուսը չնախատեց իր աշակերտներին՝ չլվացած ձեռքերով հասկեր ուտելու համար: Բայց մեզ հայտնի չէ՝ նախատե՞ց, թե՞ ոչ: Մեզ հայտնի է միայն, որ Հիսուսը կարևորեց ոչ միայն արտաքին, այլև ներքին մաքրությունը, որը քրիստոնեական կյանքի համար պարտադիր պայման է: Սակայն սրանով չհերքեց արտաքին մաքրության կարևորությունը:

Հետևությունն աներկբա է՝ հավատով աղոթքի հետ մեկտեղ անհրաժեշտ է խստորեն պահպանել նաև հիգիենայի կանոնները:

Կարգուկանոնի մասին

Բացի դրանից, անհրաժեշտ է նաև խստագույնս կարգապահություն: Կենցաղում պետք է չշեղվել այն հորդորներից, որ ստացել ենք իշխանություններից: Սրա աստվածաշնչյան հիմնավորո՞ւմ եք ուզում: Խնդրեմ.

«Թող ամեն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի». Հռ. 13.1:

Այո, այս հորդորը հաճախ, կտրելով ենթատեքստից, փաթաթել են մեր ժողովրդի վզին՝ տարբեր ամբարիշտ իշխանություններին հնազանդ պահելու նպատակով: Սակայն եթե մի փոքր շարունակենք ընթերցել Հռոմեացիներին ուղղված թուղթը, կտեսնենք, որ այն վերաբերում է միայն սեփական ժողովրդի նկատմամբ սրտացավ, արդար իշխանություններին.

«…որովհետև իշխանությունները ոչ թե բարի գործերի համար են սաստում, այլ չար գործերի». Հռ. 13.3:

«…որովհետև նա Աստծո պաշտոնյա է քեզ համար՝ ի բարություն քո». Հռ.13.4:

«…որովհետև նա սուր է կրում, որպես Աստծո պաշտոնյա՝ նա բարկությամբ վրեժխնդիր է լինում չարագործից». Հռ. 13.4:

Կարիք կա՞ ապացուցել, որ այսօրվա հայաստանյան իշխանությունները մեծապես բավարարում են վերոհիշյալ պայմաններին: Կարծում եմ, որ ոչ: Դա ակներև է:

Ուրեմն եկե՛ք սրբորեն պահենք հիգիենայի կանոնները, ենթարկվենք կարգապահության նորմերին և չվախենանք, չվախենանք, չվախենանք:

Ապացուցված է. վախը թուլացնում է մարդու իմունահամակարգը և ավելի խոցելի դարձնում տարբեր հիվանդությունների նկատմամբ: Ասում են՝ Աստվածաշնչում 366 անգամ կրկնվում է «Մի՛ վախենա» հորդորը: Փաստորեն Աստված մեզ ամեն օր հիշեցնում է չվախենալու կարևորությունը: Վախը սատանայից է, բայց մենք Աստծունն ենք:

Եվ որպես ամփոփում հիշե՛նք Տիրոջ քաջալերանքը.

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, Ես հաղթեցի աշխարհին». Հովհ. 16.33:

Աշոտ Հովսեփյան
Protestant.am

Մեկնաբանություններ