Քրիստոսի Հարությունը տիեզերքի մեծագույն իրադարձությունն է

355
the-grave-is-empty

Շուտով ֆեյսբուքը կողողվի ներկած ձվերով:

Անգամ իմ այս գրառումից հետո անձնական հաղորդագրությամբ կստանամ տասնյակ, գուցեև հարյուրավոր ներկած ձվեր։ Ներկած ձվերի հետ կլինեն նաև ճուտիկներ, թխվածք, ծլեցրած ոսպ, իսկ ամենատարօրինակը՝ նապաստակներ։

Մարդիկ նույնիսկ այս արտակարգ իրավիճակում մեծ նվիրումով կպատրաստվեն Հարության տոնին՝ ձու կներկեն, ձուկ կխաշեն, չամիչով փլավ կեփեն, բանջարեղեն կտապակեն․․․

Հավատացե՛ք, ես բոլորովին դեմ չեմ տոնական սեղանին։ Ես բացարձակապես դեմ չեմ ավանդական ուտեստներին։ Այդ օրը ես ինքս դրանցից որոշ բաներ կեփեմ։

Ես դեմ եմ այն իրականությանը, որ ոմանք Քրիստոսի հրաշափառ Հարության էությունը չգիտակցելով, այն նեղացնում, խցկում են ներկած ձվերի ու չամիչով փլավի մեջ։ Փառք Տիրոջը՝ ոչ բոլորն են այդպես անում։

Որքան էլ փորձենք մտային մանիպուլիացիաներով ձվերը կապել Հարության հետ, դրանք համեմատության աղերս անգամ չունեն։ Էլ չեմ ասում ճագարի ձագերը։

Քրիստոսի Հարությունը, ըստ քրիստոնեական դավանանքի, տիեզերքի մեծագույն իրադարձությունն է։ Դրան պետք է հավատալ։ Հավատալ, որ դրանով մենք էլ ենք արժանանում հարությանն ու հավիտենական կյանքին։ Հավատալ հենց Հարությանը, ոչ թե ինչ-ինչ խորհրդանիշների։ Թեև իմ առաքելական բարեկամները գուցե կրկին քարկոծեն ինձ, բայց խորհրդանիշը կուռքից քիչ է տարբերվում։

«Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս, թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես». Հռոմ. 10.9:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ