Մեդիայի ապագան ու ներկայի փնտրտուքները

292

Ավանդական մեդիայի փոխակերպումների, առաջացած մեդիա քաոսի ու նոր մեդիաների ապագայի մասին զրուցեցի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: 

Տպաքանակները նվազեցին, բայց լրատվամիջոցներն իրենց տեղը չկորցրին: Նրանք անցան առցանց հարթակ, որտեղ էլ  իրենց տեղը գտնելու համար  ստիված էին ինչ-որ առումով փոխել աշխատանքի ձևաչափը: Նախ’ կրճատվեցին ծավալուն նյութերը: Բացի այդ, առցանց հարթակում սկսեցին ինտեգրել նյութի մատուցման այլ միջոցներ` տեսանկարահանում և ձայնագրություն:

 

Այժմ դժվար է ասել, թե ինչ է “Առավոտը”: Այն տպագրվում է, ունի էլեկտրոնային տարբերակ և ունի եթեր ցանցում:

Խոսքը հիբրիդային մեդիաների ստեղծման մասի՞ն է:

Այո՛: Ով չի գնում դրան, դուրս է մնում դաշտից:

-Փոփոխություններն ինչպե՞ս անդրադարձան հեռուստատեսության վրա:
Հայերն աշխարհում ամենաշատ հեռուստացույց նայող ազգերից են: Կար ժամանակ, որ աշխարհում առաջատար էինք : Բայց նույնիսկ այդ դեպքում լսարանի նվազում է տեղի ունենում այժմ:  Միջին հեռուստատեսային լրատվականը ավելի քիչ դիտորդ ունի, քան որոշ ինտերնետային լրատվականներ:

Առաջատար հեռուստատեսային լրատվականներից «Առաջին լրատվականը» (Հայլուր) 2011 –ին ամենապիկ ժամին ունեցել է առավելագույնը 180 000 դիտող: Ինտերնետային լրատվականներից, օրինակ, news.am-ը ունենում է օրական մոտ 135-140 հազ. այցելություն: Սրանք համեմատելի տվյալներ են արդեն: Միտումները տանում են հեռուստալսարանի նվազմանը և ինտերնետային լրատվականների լսարանի աճին: Որպես տեղեկատվության աղբյուր` ցանցը սկսում է անցնել հեռուստատեսությանը: Դրա համար թիվիները ակտիվորեն մտնում են ցանց: Ուրիշ տարբերակ չունեն:

նարավո՞ր է ապագայում հեռուստացույցն ընդհանրապես վերանա. օրինակ, տասը տարի անց մենքհամակարգչի էկրանով դիտենք հեռուստատեսային հաղորդումներ:

Չեմ կարծում, թե վերանա, որովհետև հեռուստացույցի էկրանը հարմար է` մեծ է: Բայց արդեն իսկ ինտերնետն ու հեռուստատեսությունը միավորվել են. կա սմարթ թիվի, նոր տեխնոլոգիաներից ստեղծվել է Գուգլ թիվին. պարզապես մեր մոտ դրանք  այնքան էլ արդիական չեն:

Իրականում փոխվել է մատուցման միջոցը, բուն նյութը չի փոխվել: Թերթի դեպքում կրիչն է փոխվում. մարդկանց անհետաքրքիր է դառնում թուղթը: Հեռուստատեսության բովանդակությունն էլ հիմնականում չի փոխվի, հնարավոր է` ընդամենը դառնա ավելի ինտերակտիվ:

Կա ուրիշ նորություն. առանձին համացանցի օգտատեր կարող է դառնալ ինքնուրույն թիվի: Յուրաքանչյուրն ունի վեբ տեսախցիկ և հասանելիություն Youtube-ին: Նման օրինակներ արդեն կան:

Իսկ այն դեպքումերբ ցանկացած մարդ կարող է տեղեկատվություն տալարդյո՞ք լրագրության որակիանկում չեք նկատում:

Մեր մոտ այդ անկումը կա, բայց պետք չէ դա դիտարկել որպես գլոբալ միտում: Ինտերնետային մեդիա ստեղծելը էժան է: Մի հոգի կարող է մեդիա կայք պահել: Այս շրջանում նման կայքերի պահանջ/պատվեր կա քաղաքական խմբավորումների կողմից, ինչը նկատվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Այստեղ կա կոմերցիոն շահ, դրա համար էլ ահռելի քանակությամբ` մի քանի հարյուր, լրատվական կայք է ստեղծվել: Քանի որ այդքան մասնագետ լրագրող չկա, ով ասես մտել է դաշտ, դրա համար էլ որակի մեծ անկում ունենք: Այժմ ևս նախընտրական փուլում ենք: Ընտրություններից հետո ‘աղբը’ մի քիչ կքչանա:

Որակի անկման պատճառ է դառնում նաև լրատվամիջոցի կողմից իր այցելությունների քանակին գերկարևորություն տալը: Բիբիսին երբևէ չի տխրի, եթե պարզի, որ իր այցելությունները, օրինակ, տաբլոիդներից ավելի քիչ են: Մեր մոտ մրցակցությունը բերեց նրան, որ փոխարենը վատերը լավանան, լավերը սկսեցին “աղբ լցնել”: Օրինակ, Associated press-ում երբևէ չենք գտնի անհեթեթ նյութեր, որոնք միայն այցելություն բերելու համար են: Այդտեղ մի լրահոսում իրար կողք չենք գտնի Բարաք Օբամայի աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող օրինագծի ընդունման լուրը և Քիմ Քարդաշյանի կրծքերը:

Իհարկե, մեր մոտ էլ կան լրատվականներ, որ պահպանում են լրատվություն հաղորդելու չափանիշները, ուղղակի, մնացածն են շատացել, և դաշտը “լղոզվել է”:

-Այդ երևույթը ե՞րբ կհաղթահարենք:

Հնարավոր է նաև, որ չհաղթահարենք: Մենք` ընթերցողներս, մեր բաժին մեղքն ունենք: Եթե մենք առանձնացնենք պրոֆեսիոնալը ոչ պրոֆեսիոնալից, քլիք չանենք կիսամերկ աղջիկների նկարների վրա, ապա լրատվամիջոցի հեղինակները ևս կհասկանան, որ դա ավելացնել պետք չէ: Պատասխանատու է ոչ միայն լրագրողը, այլև ընթերցողը. մենք պետք է պահանջենք, որ որակ լինի:

-Իսկ միգուցե լսարանն է թելադրում, թե ինչ հրապարակել:

Դա մեդիայի աշխատելաոճին երկու մոտեցումներից մեկն է: Որոշ մեդիաներ նկարում են սերիալներ ու ասում են, թե դրանք նայող կա: Մյուս մոտեցումն էլ ենթադրում է հասարակությունն ավելի լավը դարձնել, քան կար:

Իմ կարծիքով’ լրագրողի մասնագիտությունը որոշակի պատասխանատվություն է պահանջում: ԱՄՆ-ում, եթե լրագրողը չի բացահայտում իր աղբյուրը, դատապարտվում է ազատազրկման: Այս պատճառով ամեն տարի տասնյակ լրագրողներ են ԱՄՆ-ում հայտնվում բանտում: Այսինքն` լրագրողը գերադասում է կարևոր տեղեկատվությունը հանրությանը հասցնել` անգամ ճաղերի հետևում հայտնվելու պայմանով: Իմ համար դա լրագրողի առաքելություններից մեկի` հանրության առաջ պատասխանատվության դրսևորուման վառ օրինակ է:
Հայատանում ևս կան պատասխանատու լրագրողներ. ուղղակի, նրանք “կորում են” այս ամբողջ “շիլայի” մեջ :

-Իսկ այն դեպքում, երբ ամենաշատ այցելվող նյութերը մտքի տարբեր թռիչքներով բռնաբարությունների տեսակների ու դժբախտ պատահարների մասին են, ինչպե՞ս կարելի է այդ քաոսը կարգավորել:

Ինքնակարգավորումը լավագույն տարբերակն է, որ ստուգված է նաև այլ երկրների փորձով: Օրինակ, հիմա Ֆեյսբուքում կա մեդիագրագիտությանն առնչվող խումբ ոլորտի մասնագետների համար: Սա ինքնակարգավորման լավ օրինակ է, որտեղ պարզորոշ նկատվում են արդյունքներ:

Ակնհայտ է, որ որակը ակնհայտ բարձրանում է կամ գոնե չի ընկնում: Իսկ եթե պետական մակարդակով կարգավորում մտցնել, ապա շատ կանխատեսելի արդյունքներ կլինեն. շատ արագ այն կվերածվի գրաքննության: Պետական չինովնիկները շատ շուտ կսկսեն այդ լծակներն օգտագործել:

Իհարկե, պետական` օրենսդրությամբ կարգավորման դեպքեր էլ արդեն ունենք, երբ դատի են տվել դիակը նկարելու և ցուցադրելու համար: Հայաստանում լրագրողները տեղյակ էլ չեն օրենքների մասին ու չգիտեն` ինչ չի կարելի: Շատ խախտումներ կան մարդու անձնական կյանք ներխուժելու դեպքերի հետ կապված:

-Ի՞նչ տեղ ունի արտատպումն` առանց հղման:

Լրատվամիջոցներում նստած են ահռելի մեծ քանակությամբ անգրագետ լրագրողներ: Նորաստեղծ լրատվամիջոցները շատ դեպքերում լրագրող էլ չունեն, որ ուղարկեն մի տեղ, դրա համար գերադասում են գողանալ նյութը: Շատ դեպքերում այդ լրատվամիջոցները հասցե էլ չունեն, որ իմանաս, թե ում ես բողոքում:

Ավելի տարածված է լուսանկարներ գողանալը: Հայկական մամուլում այդպես էլ “մոդա” չձևավորվեց նկարների աղբյուրները նշելու: Շատերը մտածում են, թե լուսանկարն ընդամենը նյութը զարդարելու համար է. Գուգլում փնտրում են, ինչ հարմար են համարում, այն էլ տեղադրում են:

— Հնարավո՞ր է վճարովի բովանդակության մասին շուտով խոսք գնա:

Չեմ կարծում: Մեր մոտ հակառակ երևույթը տեղի ունեցավ. նրանք, որոնք վճարովի էին, ստիպված եղան մտնել բաց շուկա: Ցանցն իր կողմն է գրավում ընթերցողներին նաև այն պատճառով, որ ասյտեղ ամեն բան անվճար է. ոչ քիչ գումար պետք է ծախսել բոլոր թերթերից լրատվություն ստանալու համար: Կհաղթեն նրանք, ովքեր անվճար կտրամադրեն լրատվությունը:
Կա ուրիշ միտում, որ ոչ թե լրատվություն ստացողը, այլ լրատվամիջոցին լուր տրամադրելը լինի վճարովի:

-Ի՞նչ կասեք նոր տիպի մեդիաների ազդեցության մասին ԶԼՄ-ների վրա:

Այժմ լրահոսի երևի կեսը միջնորդավորված է սոցիալական ցանցերով. ինչ գրեց իր էջում, օրինակ, ոմն քաղաքական գործիչ, ինչ պատասխանեց դրան մեկ այլ քաղաքական գործիչ, ինչ թվիթեր արեցին հանրային մարդիկ..

-Տեղական նոր մեդիաներում ի՞նչ միտումներ կան:

Այս ոլորտում միտում կա օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող հարթակներից: Ֆեյսբուքի նման գիգանտին, որ ունի մի միլիարդ օգտատեր, դժվար է գերազանցել: Ավելի հեշտ է դրանից օգտվել: Դա էլ հենց տեղի է ունենում:

Կան նաև այլ հարթակներ, որտեղ ամեն ինչ բաց կոդերով է դրված: Oրինակ, մենք iDitord նախագծի համար օգտվել ենք  Ushahidi հարթակից:

Ընդհանուր առումով ամեն ինչ տանում են դեպի շարժական լինելուն, ավելի ինտերակտիվ ու անհատականացված լինելուն: Սա նշանակում է, որ մոտ ապագայում պլանշետային ու բջջային մեդիան ավելի պահանջված կլինեն:

Մեկնաբանություններ