«Երկխոսության դեպքում համագործակցության եզրեր անպայման կգտնվեն». կրոնագետ Հ. Հովհաննիսյան

280

Պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը մշտապես քննարկման արդիական թեմա է համարվում, քանի որ այն գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այս հարաբերությունների ներկայիս իրավիճակի, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցության ու դրա զարգացման մասին զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

 Պրն. Հ.Հովհաննիսյան, ինչպիսի՞մակարդակում են այսօր գտնվում եկեղեցիպետություն հարաբերությունները:

Եթե նկատի ունեք Հայ առաքելական եկեղեցու հետ ունեցած հարաբերությունները, ապա գտնվում են փայլուն մակարդակում՝ համագործակցության մակարդակում։ Մենք տեսնում ենք, որ կա այդ հարաբերությունները կարգավորող օրենք, ինչը նշանակում է նաև, որ եկեղեցին ունի որոշակի առավելություններ, պետության հովանավորությամբ կառուցվում են եկեղեցիներ։ Մեկ խոսքով ասված՝ եկեղեցին և պետությունը շատ լավ հարաբերությունների մեջ են։

Պետությունն ու եկեղեցին գտել են երկխոսության եզրեր. իսկ կա՞ արդյոք փոխհամագործակցություն եկեղեցիների միջև:

Ըստ այն ամենի, ինչ մենք տեսնում ենք առերևույթ, Հայ ավետարանական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հետ պահպանվում են գոնե ընկերակցական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է մյուս հարանվանություններին, ապա դրանց հետ որպես այդպիսին, հարաբերություններ չկան, քանի որ յուրաքանչյուրը գործում է տարբեր դաշտերում։

Ինչպիսի՞  նախադրյալներ են անհրաժեշտ այդ հարաբերությունները սերտացնելու համար:

Նախ՝ պետք է երկկողմանի ցանկություն լինի, որպեսզի բարելավվի այդ հարաբերությունը։ Կարծում եմ, որ այդ հարցում որոշակի դեր պետք է խաղա նաև պետությունը, որպեսզի խթանի միջեկեղեցական երկխոսության ծավալմանը։ Իսկ եթե ստացվի կազմակերպել այդ երկխոսությունը, ապա համագործակցության եզրեր անպայման կգտնվեն։

Զրուցեց Անի Էլոյանը

Աղբյուր՝ crossnews.am

Մեկնաբանություններ