Կյանք ծննդից հետո. երկվորյակների զրույցը մոր որովայնում

221

Հղի կնոջ որովայնում զրուցում են երկու մանուկ.

 

 — Դու հավատո՞ւմ ես, որ ծննդից հետո կյանք կա:

— Իհա՛րկե, բոլորին էլ պարզ է, որ ծննդից հետո կյանք գոյություն ունի: Մենք այստեղ ենք, որպեսզի ամրապնդվենք, ուժեղանանք և պատրաստվենք այն ամենին, ինչ սպասվում է մեզ ծննդից հետո:

— Է՜, հիմարություն ես խոսում, ծննդից հետո ոչ մի կյանք էլ չկա և չի էլ կարող լինել: Միայն չասես, որ արդեն պատկերացնում ես, թե ինչպիսին է քո երևակայական կյանքը ծննդից հետո:

— Չէ՛, չեմ ասում, թե ամեն բան գիտեմ: Ես բոլոր մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի, ու նաև կարծում եմ, որ միգուցե մենք այնտեղ կարողանանք քայլել և ուտել սեփական բերաններով:

— Հնարավոր չէ ինքնուրույն քայլել և ուտել: Քո ասածը ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք, որ մեզ սնում է: Գիտե՞ս ինչ կասեմ… կասեմ, որ հնարավոր չէ կյանք ծննդից հետո, որովհետև մեր կյանքը` մեր պորտալարը, առանց այն էլ շատ կարճ է:

— Ես վստահ եմ, որ դա հնարավոր է: Ամեն բան ուղղակի մի փոքր այլ կերպ կլինի: Մենք դա կարող ենք պատկերացնել:

— Ա՜յ ախպեր ջան, այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել: Կյանքն ուղղակի ավարտվում է ծննդաբերությամբ: Եվ ընդհանրապես կյանքը մի մութ խոռոչում երկար տառապանք է:

— Չէ՛, չէ՛… Մի բան հաստատ գիտեմ` ծննդից հետո մենք կտեսնենք մամային, ու նա մեզ կխնամի, հոգ կտանի մեզ համար:

— Մամայի՞ ն… դու հավատո՞ ւմ ես «մամային»… Քեզ մոտ լրիվ միջնադար է… Եվ որտե՞ղ է նա գտնվում: Գիտությունն ապացուցել է, որ մանուկները ձվաբջջից են առաջացել` էվոլյուցիայի հետևանքով:

— Ախր նա ամենուր է, մենք նրա մեջ ենք, նրա շնորհիվ և նրանով գոյություն ունենք, նրա մեջ ենք շարժվում և ապրում: Առանց մամայի մենք չենք կարող գոյություն ունենալ:

— Կատարյալ զառանցանք է… ես ոչ մի մամա էլ չեմ տեսել… ես միայն իմ աչքի տեսածին եմ հավատում:

— Չեմ կարող համաձայնել: Չէ՞ որ երբեմն, երբ շրջապատում ամեն ինչ լռում է, կարողանում ենք լսել, թե ինչպես է նա երգում, զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը… Ես հավատում եմ ու վստահ եմ, որ կա՛ կյանք ծննդից հետո: Եվ մի օր անպայման մենք կտեսնենք մամային…

Աղբյուր՝ crossnews.am

Մեկնաբանություններ