Ուրիշի համար փոս փորողը

235

Դեպքը կատարվել է 1994-ի աշնանը: 

Ռոնալդ Օփուս անունով երիտասարդ ամերիկացին որոշում է ինքնասպան լինել: Իր թողած գրությունում Ռոնալդը գրում է, որ այդ քայլին է դիմում ֆինանսական դժվարությունների և ծնողների հետ անախորժությունների պատճառով:

 Գրությունը գրելուց հետո միսթեր Օփուսը բարձրանում է լուսամուտի գոգին և իններորդ հարկից ցատկում ներքև: Նա հավանաբար չէր դիմի այդ քայլին, եթե իմանար, որ այդ օրը պատուհաններ մաքրող կազմակերպությունն իր աշխատակիցների համար  յոթերորդ հարկում անվտանգության ցանց է կապել: Այնպես որ, երկու հարկ թռչելուց հետո Օփուսը կհայտնվեր ցանցի վրա հավանաբար թաց վարտիքով, բայց ողջ և առողջ: 

Սակայն տեղի է ունենում ֆանտաստիկ միջադեպ:

Երբ Ռոնալդը ընկնում էր ութերորդ հարկի պատուհանի մոտով, նրա գլխին է դիպչում այդ հարկի բնակչի կրակած գնդակը… 

Այն ժամանակ, երբ ոստիկանները փրկարարների օգնությամբ ցանցի վրայից իջեցնում էին ամբողջովին այլանդակված գլխով Օփուսի դիակը, քննիչները որոշում են, որ պետք է անհապաղ հայտնաբերեն և ձերբակալեն կրակողին: Չէ՞ որ եթե նա չկրակեր, Ռոնալդը կընկներ ցանցի վրա և ողջ կմնար:

Քննությանը հայտնի են դառնում նոր փաստեր: Պարզվում է, որ ութերորդ հարկում ապրող ծերունին կրակել էր իր կնոջը, բայց վրիպել և սպանել էր Ռոնալդին: Այսինքն ծերունին մեղադրվում էր արդեն երկու հոդվածով ՝ չկանխամտածված սպանություն և մահափորձ սեփական կնոջ նկատմամբ: Պարզվում է նաև, որ ամեն անգամ, երբ ծերունին վիճել է կնոջ հետ, նա վերցրել է պատից կախված դատարկ հրացանը և հենց անպես «կրակել» կնոջ վրա: Չխկացնելով չլիցքավորված հրացանը, ամուսինն ուղղակի փորձել է վախեցնել կնոջը: Այս երևույթը կարծես դառել էր նրանց ընտանեկան ծեսերից մեկը:

Ամուսինները պնդում էին, որ հրացանը տարիներ շարունակ երբեք չի լիցքավորվել: Հետևաբար չկանխամտածված սպանության մեղադրանքն ընկնում էր հրացանը գաղտնի լիցքավորողի վրա: Իսկ ո՞վ էր լիցքավորել հրացանը:

Ոստիկանները պարզեցին, որ ծերունիների բնակարան ազատ մուտք ու ելք ուներ միայն նրանց որդին: Որդու ընկերների հետ զրույցներից պարզվեց, որ իսկապես հրացանը նա է լիցքավորել: Լավ իմանալով հոր սովորությունը, որդին հուսով է եղել, որ բարկության հերթական նոպայի ժամանակ հայրը կսպանի մորը և ինքն էլ կհայտնվի բանտում: Սակայն վեջին մի քանի շաբաթվա ընթացքում ծերունիներն ապրել են զարմանալիորեն համերաշխ և դրանով անասելի վշտացրել են որդուն: 

Ոստիկանների հարցին, թե որտե՞ղ է հիմա այդ սրիկան, հայրը պատասխանում է.

— Ինչպես թե՝ որտեղ: Ապրում է մի հարկ վերև:

Այո՛: Փնտրվող որդին հենց ինքը՝ Ռոնալդ Օփուսն էր: Հենց նա էր լիցքավորել հրացանը, իսկ երբ մտադրությունը չէր իրականացել, հուսահատությունից դիմել էր ինքնասպանության: Ու սպանվեց իր իսկ լիցքավորած հրացանով, սեփական հոր կողմից: Ինքնասպանությունը իրականացավ, թեև ոչ այնպես, ինչպես մտածված էր:

Այս պատմությունն այնքան անհավանական է, որ թվում է, թե հորինված է: Բայց այն արձանագրված փաստ է:

«Ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն՝ նույնը դուք արեք նորանց»: (Մատթ.7:12):

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ