Իրանում բանտարկված հովիվը նամակ է գրել Իրանի նոր նախագահին

177

Իրանական ծագումով ամերիկացի հովիվ Սաիդ Աբեդինին, ով Իրանում դատապարտված է 8 տարվա ազատազրկման, նամակ է գրել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին:

Նամակում հովիվ Աբեդինին մասնավորապես գրում է.

 «Մեծարգո նախագահ: Ես, ինչպես և Դուք, հավատում եմ չափավորությանը և որպես հոգևոր անձնավորություն որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականության ոլորտում և չեմ կատարել Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող որևէ արարք: Իմ հայրենի քաղաքում իմ գործողությունների նպատակն է եղել մեղմացնել մարդկանց ցավն ու տառապանքները, փորձել եմ օգնել աղքատներին, որբերին ու անտուն երեխաներին՝ ելնելով կրոնական սկզբունքներից և ջանալով կատարել իմ Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին հաճելի արարքներ»:

Աբեդինիի նամակը նախագահին է փոխանցվել «Օրենքի և արդարության ամերիկյան կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության միջոցով, որն էլ ներկայացնում է հովվի շահերը Ամերիկայում և ջանում է հասնել նրա ազատությանը:

«Ամերիկայի քաղաքացու համար սա կրիտիկական պահ է: Նա մեկ տարուց ավելի է գտնվում է Իրանի ամենավտագավոր բանտերից մեկում: Մենք հույս ունենք, որ այս նամակը կնպաստի, որպեսզի Իրանի նախագահը կատարի իր խոստումը և ազատ կարձակի հովվին: Չէ՞ որ նա ոչ մի վատ բան չի արել, իսկ բանտարկել են միմիայն քրիստոնեական հավատի պատճառով: Մենք կոչ ենք անում Իրանի իշխանությունների ազատ արձակել հովվին և թույլ տալ վերադառնալ իր ընտանիքի մոտ»,- ասել է «Օրենքի և արդարության ամերիկյան կենտրոնի» գլխավոր իրավաբան Ջեյ Սեկուլովը:

Իրանի 64-ամյա նախագահ Հասան Ռուհանին տեղական չափանիշներով համարվում է չափավոր ազատական: Նա կողմ է արտահայտվել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը, խոստացել է ազատ արձակել քաղբանտարկյալներին և մեղմացնել գրաքննությունը:

Աղբյուր՝ maranatha.org

 

Մեկնաբանություններ