Հալեպի հայկական թաղամասերը զինյալ ընդդիմադիրների թիրախ

179

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

 

— Պարոն Սելիմյան, նախագահական ընտրություններից հետո Սիրիայում ինչ-որ փոփոխություն նկատվու՞մ է:

— Նախագահական ընտրություններն ունեցան դրական ազդեցություն և անդրադարձ՝ երկու մասշտաբներով. առաջինը միջազգային ընդհանուր անդրադարձն է՝ կապված նախագահի ընտրության հետ, հիմնականում՝ ԱՄՆ-ի արձագանքը, որի նախագահը հստակորեն երկու օր առաջ արտահայտվեց, թե պետք է բանակցություններ սկսել Ասադի հետ: Սա ինքնին արդեն նշանակում է, որ ճանաչում են Սիրիայի նորընտիր նախագահին: Մյուս կողմից՝ իրենք դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե այս ծայրահեղ իսլամական ընդդիմադիր խմբերին ինչպես պիտի հեռացնեն Միջին Արևելքից: Երևի այլևս ժամը հասել է, որ իրենք պիտի հեռանան: Քանի որ Ասադը մնաց անդրդվելի, երևի թե նրա հետ պետք է բանակցեն, որպեսզի Միջին Արևելքից այս զինյալներին կարողանան հեռացնել:

Երկրորդը. պիտի ասեմ, որ ընդհանրապես սիրիական հայրենիքում են մնացել հավատարիմ զավակները: Սա արդեն ապացույց է, որ նախագահական ընտրությունները՝ առանց որևէ փոփոխության, նշանակված օրը, առանց ռազմավարական փոփոխության անցկացվեցին, ընդ որում՝ ժողովրդավարական ձևով: Քաջալերիչ էր, որ ժողովուրդն ինքն ընտրեց այս անգամ, ոչ թե պարզապես առաջարկության համաձայնեց: Ժողովուրդը մասնակցեց ընտրությունններին, իսկ արտաքին միջազգային մասշտաբով նկատում ենք, որ արդեն կարծես թե նախագահ Ասադի ճանաչման հետ կապված որոշ ջանքեր կան:

Ամսի 17-ին խորհրդարանում տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը, ենթադրում եմ, որ ամեն բան պաշտոնականացած կլինի, և Սիրիան հաղթական դուրս կգա:

— Հալեպում Հայաստանի նախկին հյուպատոս Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նրա բացակայության պայմաններում առաջացած խնդիրներն ու հարցերը ինչպե՞ս են լուծվելու, կանոնակարգվելու՝ մինչ նոր նշանակումը:

— Ես նախ՝ կարծում եմ, որ շնորհավորելի ընտրություն էր պարոն Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպան նշանակելը, որովհետև նրա՝ վերջին երեք տարիներին սիրիական պատերազմի, ճգնաժամի օրերին ձեռք բերած հաջողությունները և որպես հյուպատոս՝ ցուցաբերած դիվանագիտական բարձր պատրաստականությունը, աշխատունակ, նախաձեռնող լինելը քայլ առ քայլ նրան առաջնորդեցին այն հանգրվանին, որ նա Իրաքում դեսպան նշանակվի:

Կարծում եմ՝ նրա կատարած աշխատանքը Սփյուռք – հայրենիք՝ միանգամայն երկու տարբեր երկրների, նաև՝ սիրիական, կապերին էր նպաստում: Նա ջատագովն էր այն բանի, որ արաբական այս աշխարհում ՀՀ ջանքերով և աջակցությամբ նաև մշակութային գործունեությունը և ոլորտը զարգանան: Բացի իր ունեցած հյուպատոսական առաքելությունից՝ նա նաև նպաստեց երկքաղաքացիության խնդրին, մեծ աշխատանք կատարեց, որ սիրիահայերը նաև կարողանան երկքաղաքացիության համար դիմել և ստանալ ՀՀ լիիրավ քաղաքացու կարգավիճակ: Կարծում եմ՝ պատերազմող տարբեր կողմերի հետ աշխատելու իր ունեցած փորձը, հայկական ավանդական երեք կուսակցությունների և համայնքների հետ իր աշխատունակ և հավասարակշռված բարձր դիվանագիտությունը նրան առաջնորդեցին այս հանգրվանին:

Կարդալ ավելին` «Առաջին լրատվական»

Մեկնաբանություններ