7 գործնական խորհուրդ երկրպագության առաջնորդներին

457

«Ղևտացիները օծյալներ են, ովքեր երկրպագում են Տիրոջը՝ իրենք իրենց չպղծելով ոչ մի մեռած բանով: Նրանք չեն դիպչում մեռած երաժշտությանը, ֆիլմերին, ընկերներին: Հարկավոր է սրբորեն ապրել: Մենք չպետք է կրկնօրինակենք այս աշխարհը: Մենք պետք է Սուրբ Հոգու աջակցությամբ ստեղծենք նորը»,- նշել է Մոսկվայի «Բարի Լուր» եկեղեցու երիտասարդաց հովիվ, երկրպագության առաջնորդ, երաժիշտ և կատարող Ֆիլիպ Ռենները:

«Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանում. Օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնում։ Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. Օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ։ Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։ Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. Օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով։ Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. Օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։ Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա»։ Սաղմոս 150:1-6:

Ֆիլիպ Ռենները պնդում է, որ եթե «երկրպագությունը օծված է, բայց բացակայում է որակը, ապա հավատացյալը չի կարող ամբողջությամբ ընկղմվել երկրպագության մեջ, բայց եթե շեշտը դրվում է միայն որակի վրա, ապա դա ուղղակի համերգ է: Որակն ու օծությունը հարկավոր է համադրել»:

Հովիվն ու երաժիշտը 316news.org կայքում հանդես է եկել մի քանի գործնական խորհուրդներով.

  1. Պատրաստվել պետք է տանը, սովորել բոլոր խոսքերը: Սխալ կլինի ապավինել միայն Աստծո շնորհին. այն տրվել է մեր զարգացման համար: Շնորհը գալիս է այն ժամանակ, երբ մենք անում ենք այն ամենը, ինչ կախված է մեզնից:

Շատ երաժիշտներ ու կատարողներ միշտ կանգնած են նույն տեղում: Բայց մենք պետք է շարժվենք, բարձրացնենք մեր ձեռքերը, չէ՞ որ մեր պահվածքը, երկրպագության մեր եղանակը պետք է ցույց տան մեր կենդանի հավատքը:

Երկրպագության առաջնորդը չպետք է մոռանա, որ երկրպագում է ոչ միայն ինքը, այլև ողջ թիմը: Մենք պետք է լինենք գնացքի նման, որի վագոնները միասին են շարժվում: Միայն այդ դեպքում կկարողանանք առաջ շարժվել:

Եթե քո ուժերը սպառվել են, ապա ծոմ պահիր. Երբ սպառվում են քո ուժերը, սկսում է գործել Աստծո ուժը:

  1. Աստծո Խոսքով է կառուցված ամեն բան, այդ պատճառով խորհուրդ կտամ երկրպագությունը սկսել Սուրբ Գրքով: Աստծո Խոսքը փոխում է մեր սրտերը:
  2. Ընտրեք այնպիսի երգեր, որ մարդիկ նույնպես կարողանան երգել: Ոմանք ձգտում են բարդ երգեր երգել՝ մոռանալով մարդկանց մասին, ովքեր պետք է ոչ միայն հիշեն խոսքերը, այլև կարողանան վերցնել բարձր նոտաները: Այս դեպքում երկրպագությունը վեր է ածվում համերգի: Տոնայնությունը կարևոր է, որպեսզի մարդիկ երգեն ձեզ հետ միասին: Որովհետև երկրպագությունը քեզ համար չէ և քո մասին չէ: Այն Աստծո մասին է: Հնարավոր է, որ առաջնորդը կարող է վերցնել և բարձր, և ցածր նոտաները, բայց երկրպագությունը պետք է հարմար լինի ժողովրդին:
  3. Հիթեր դառնում են պարզ երգերը, երբ պահանջվում է ընդամենը երեք րոպե, որպեսզի հիշես մեղեդին և այն երգես քո մտքում: Սատանան սա հասկացել է, չէ՞ որ Երկնքում նա էր երկրպագության առաջնորդը: Նա հասկացել է, որ մեղեդին պետք է պարզ լինի: Բայց սա իր միտքը չէ: Ես մեղեդու մեջ աշխարիկ միտք, ռիթմ կամ տակտ չեմ դնում: Սատանան ինքն է Աստծուց գողացել միտքը, ռիթմը և տակտը: Այն ամենը, ինչ սատանան փոխանցել է մարդուն, նա գողացել է Աստծուց, որովհետև ինքը Երկնքում առաջնորդ էր: Երբ եկեղեցում առաջնորդն ասում է. «Բարձրացրեք ձեր ձեռքերը»,- նա այս նախադասությունը չի գողանում աշխարհից: Դա աշխարհն էր գողացել մեզնից:
  4. Երկրպագության ժամանակ փառաբանության խումբը չպետք է փակի աչքերը: Աչքերը հոգու արտացոլանքն են: Երբ մենք փակում ենք մեր աչքերը, դրանով թաքցնում ենք մեր անկեղծությունը: Աչքերի միջոցով մենք հաղորդում ենք մեր նվիրվածությունը Հիսուսին: Բերեմ մի օրինակ. մի անգամ երկրպագության ժամանակ ես փակեցի աչքերս՝ ամբողջությամբ ըկնղմվելով Տիրոջ երկրպագության մեջ: Այդ ընթացքում հովիվը ամեն կերպ փորձում էր ինձ հասկացնել, որ պետք է ավարտեմ երկրպագությունը, որպեսզի սկսվի քարոզը: Բայց ես չէի տեսնում: Հովիվը ճարահատյալ բարձրացավ բեմ, գրկեց ինձ և ականջիս շշնջաց՝ «Շնորհակալությունը հրաշալի երկրպագության համար, բայց քարոզի համար ինձ 15 րոպե թողեցիր»:

Միգուցե հովիվը երկրպագության ժամանակ Աստծուց հայտնություն էր ստացել, որպեսզի փոխանցի եկեղեցուն, իսկ դու կանգնած ես փակ աչքերով:

  1. Եղեք զգայուն Սուրբ Հոգու նկատմամբ՝ հատկապես երկրպագության առաջնորդները: Երգերը դուք մի ընտրեք, այլ Աստծուց հարցրեք. «Ինչի՞ մասին երգեմ: Ի՞նչ ես ուզում լսել Դու»: Հնարավոր է, որ դուք նոր ալբոմ եք ձայնագրել և որոշել եք երգել այդ ալբոմի երգերից, որպեսզի ժողովուրդը տեղեկանա և ձեռք բերի այն: Այս դեպքում դուք ձգտում եք հաճելի լինել մարդկանց, ոչ թե Աստծուն: Այդ պատճառով հարցրեք Աստծուն, և երբ կլսեք Սուրբ Հոգու ձայնը, ավելի ճիշտ կերպրպագեք, հովիվն ավելի ճիշտ կքարոզի, և այդ ամենը կտանի դեպի Աստծո ներկայություն:

Ամեն ծառայություն կարող է իրականանալ կամ քո ծրագրով, կամ Աստծո: Աստծո նկատմամբ զգայուն եղեք: Միշտ չէ, որ դու ինչ որ խոսք ես ստանում, անհրաժեշտ է այն անմիջապես ասել: Պահեր են լինում, երբ ավելի լավ է սպասել: Ամեն բան իր ժամանակն ունի:

  1. Երաժիշտները հաճախ հպարտ մարդիկ են, բայց մենք պետք է մեզ խոնարհեցնենք Աստծո առաջ, առաջնորդների առաջ:

Թարգմանեց Աշոտ Հովսեփյանը
Աղբյուրը՝ 316news.org

Մեկնաբանություններ