Ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր․ Միհրան Հարությունյան

1451

Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե: Սա, իհարկե, պաշտոնապես: Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին իրական չեմպիոնը լինելուց: ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն հարցազրույցում  Միհրան Հարությունյանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:

… Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար:

Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:

Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ` Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի՞նչ խոսքեր էին դրանք:

-Նկատվե՞լ է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. «Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ այսպես…»: Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ Նրան ասելու` ինչո՞ւ, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա՛ ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի` իմ միջոցով Նա՛ արեց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ armnoc.am

Մեկնաբանություններ