Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Բունդեսթագի նախագահին

577

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Իր նամակում Նորին Սրբությունը, բարձրորեն արժևորելով պատմական արդարության վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների և ողջ ժողովրդի արտահայտած բարի կամքը, մասնավորապես ընդգծել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին’ ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը:

Ի դեմս Ձեզ, Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին և բարեսեր ողջ ժողովրդին’ մաղթելով անկոտրում կամք և նախանձախնդրություն մարդկային համընդհանուր արժեքների և իրավունքների պաշտպանության աստվածահաճո առաքելության մեջ»:

Աղբյուր՝ lurer.com

Մեկնաբանություններ